Հայաստանում նկատվում է թմրանյութերից կախվածության աճի միտում: Այդ մասին այսօր` ապրիլի 4-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի գլխավոր թմրաբան Պետրոս Սեմերջյանը:
Ըստ նրա` թմրամոլության առնչվող բոլոր հարցերը մտահոգիչ են: Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանում Նարկոլոգիական կենտրոն դիմածների թիվը կազմում է 4000 մարդ: Ընդ որում, նա ընդգծել է, որ Թբիլիսիում պարբերաբար հանդիպումներ են կայանում տարածաշրջանի երկրների մասնագետների հետ:
«Հայաստանում նաեւ ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ ուսումնասիրություն է իրականացվում: Դա կատարվում է տարեկան երկու անգամ: Իրականում երկրում ապրում է 13 հազար թմրամոլ: 4000-ը միայն գրանցվածների թիվն է», - նշել է Սեմերջյանը՝ հավելելով, որ եթե խոսենք այդ չորս հազարի մասին, ապա նրանցից 80%-ը դիսպանսերից հետո վերադառնում են նախկին կյանքին, միայն 20%-ն է ազատվում թմրակախվածությունից:
«Վերադառնալու պայմանները տարբեր են: Օրինակ` Արեւմուտքում գոյություն ունեն տեխնիկայի վերջին խոսքով, տարբեր տեսակի զվարճություններով համալրված հատուկ վերականգնողական կենտրոններ, որոնք օգնում են ամբողջովին ձերբազատվել կախվածությունից», - նշել է գլխավոր թմրաբանը:
Ինչ վերաբերում է Հայաստանում նման կենտրոնների ստեղծմանը, ապա, ըստ Սեմերջյանի, մեր երկրում դա խաբկանք է: «Անիրական են նաեւ սխալ դատողությունները, որ եթե հիվանդը փոխի աշխարհայացքը, բնակության վայրը, կարող է հաղթահարել կախվածությունը: Կան թմրամոլներ, որոնք բուժվում են 15-րդ անգամ, սակայն` ապարդյուն», - եզրակացրել է նա:




























