Թմրամոլությունն ամենածանր եւ դժվար բուժելի հիվանդություններից է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց հոգեբան Սամվել Խուդոյանը: «Առանցքային պատճառն այն է, որ մարդը չի ցանկանում բուժվել: Ընդ որում, խնդիրը ոչ թե, այսպես ասած, կայֆ ստանալու ցանկությունն է, այլ ծանր հոգեվան իրավիճակից դուրս գալու ձգտումը»,-ասաց նա՝ հավելելով, որ կա եւս մեկ ոչ պակաս կարեւոր պատճառ՝ կյանքի անիմաստությունը, որը հանգեցնում է ինքնաոչնչացման:

«Նման իրավիճակում թմրամոլները շրջակա միջավայրն ընկալում են յուրօրինակ ձեւով, իրենց գերմարդ են համարում, որոշ առումով մեծանում է ինքնագնահատականը, բայց այդ ամենը հակասական է»,-ասաց Խուդոյանը՝ հավելելով, որ բոլոր մարդիկ, ովքեր  բուժում են անցնում, ամբողջությամբ հրաժարվում են թմրամիջոցներից: