Այսօր՝ ապրիլի 4-ին, Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանում (ԵՃՇՊՀ) իրականացվել է ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստրի «Դոնորագրում» կամավոր  ծրագիրը: Համալսարանի ուսանողներից շատերը մեծ պատրաստակամությամբ դոնորագրման արյուն են հանձնել:

«Ասում են երբ մեկին լավություն ես անում, այն շրջվում է դեպի քեզ: Բացի դա, մտածեցինք` Աստված մի արասցե բայց հնարավոր է մի օր էլ նման դեպք մեզ հետ պատահի եւ ինչ-որ մեկը մեր կյանքը կարող է փրկել» նշել են արյուն հանձնած ուսանողները:

«Դոնորագրում» ծրագիրը բուհական համակարգում ներդրվել է 2013թ. մարտից՝ կրթության գիտության եւ առողջապահության նախարարների աջակցությամբ:

Ծրագիրը բուհերում իրականացվում է «Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստի» եւ բուհերի ուսանողական խորուրդների հետ համատեղ:

 «Առաջին անգամ է, որ բուհական շրջանակներում դոնորագրման լայնածավալ գործընթաց ենք իրականացնում: Գարնանը մեր նախահարձակ լինելը պայմանավորված է երկու տասնյակից ավելի հիվանդներով, որոնք իրենց դոնորներին են սպասում: Մեր ռեեստրում գրանցված 24.000 դոնորների մեջ չենք կարողացել գտնել համապատասխան դոնոր: Մենք առաջին անգամ ենք համագործակցում Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի հետ: Ի ուրախություն մեզ համալսարանում գործընթացը շատ կազմակերպված է իրականացվում եւ մեծ է ուսանողների ոգեւորությունը: Տա Աստված, որ նրանցից մեկը որեւէ հիվանդի կյանք փրկի`դա մեծ բերկրանք կլինի»,-իր խոսքում ասաց «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմադրամի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը:

Համամարդկային արժեք կրող այս ծրագիրը մանագետների կողմից շատ ավելի կարեւորվում է Հայաստանում, քանի որ  հայերն ունեն հատուկ գենետիկ կառուցվածք եւ հայ դոնորի դեպքում հավանականությունը մեկը մյուսին օգտակար լինելու ավելի մեծ է: