Բուհերում 3.5 անգամ նվազեցվել է “տնտեսագետ” մասնագիտության պետական պատվերը: Այդ մասին այսօր՝ ապրիլի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի այն դիտողությանը, որ բուհերում չափից ավելի տնտեսագետներ են պատրաստվում:
Ըստ Ա. Աշոտյանի՝ նվազել է մանկավարժական կրթության, իրավագիտության, կենսաբանության պետական պատվերը: Դրա փոխարեն ավելացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, արվեստի, մշակույթի բուհերի պետպատվերի թիվը: Այդ բուհերն ու մասնագիտությունները, ըստ Ա. Աշոտյանի, պետական աջակցության կարիք ունեն, որովհետեւ այդ մասնագիտությունների վճարովի բաժինները մեծ պահանջարկ չունեն:
Ա. Աշոտյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան տարեկան ընդունվում է շուրջ 1300 ապագա տնտեսագետ, որոնցից 1200-ը՝ վճարովի հիմունքներով: Դա այն դեպքում, երբ պետպատվերի շրջանակներում թափուր տեղեր են մնում այլ մասնագիտություններով:
Ըստ Ա. Աշոտյանի՝ պետք չէ կտրուկ կրճատել վճարովի տեղերի քանակը, քանի որ երիտասարդների մի ստվար կմնա փողոցում:
“Չկան հեշտ լուծումներ, որովհետեւ կրթական համակարգն այնպիսին է, որ եթե մեկին դիպչում ես, առաջանում են բազմաթիվ խնդիրներ: Օրինակ` կրճատումը լուրջ խնդիր է: Մենք այսօր բուհերում ունենք մասնագիտական կադրերի գերարտադրություն նաեւ մանկավարժական կադրերի գծով: Երբ հանկարծ բուհերը փորձում են մեկ-երկու մարդ գործից հեռացնել, անգամ թոշակառու, մամուլը հեղեղվումէ նյութերով, որ սկսվել են կրճատումներ: Այդ մարդիկ գնում են դատարաններ, լրատվական աղմուկ է բարձրանում: Ռեկտորներն ավելի զգույշ են մոտենում այդ խնդիրներին”,- ասաց Ա. Աշոտյանը:




























