Ադրբեջանում բողոքի նոր ակցիա է հասունանում: Այս անգամ այն կապված է աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Ֆիզուլի Ալեքփերովի գործունեության հետ: 

Ըստ haqqin.az-ի` խմբագրությունն ստացել է   Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին 2013թ. ապրիլի 4-ին ուղղված հերթական դիմումի պատճենը` ստորագրված Saf Təchizatçı MMC ընկերության աշխատողների կողմից:  Ընկերությունը Սալյանսկի շրջանում բնակելի տան շինարարություն է իրականացրել ղարաբաղյան պատերազմի տարիներին զոհվածների եւ հաշմանդամների համար Աշխատանքի եւ բնակչության սոցիալական ապահովության նախարարության պատվերով: Դեռ մեկ ամիս առաջ աշխատողները բողոքով դիմել էին նախագահին՝ հայտնելով, որ ղեկավարությունը չի վճարում 25 000 մանաթ կազմող իրենց աշխատավարձը, թեեւ շինարարությունն ավարտվել էր 2011թ. մայիսի 26-ին: 

Հերթական նամակում նշվում է, որ ընկերության ղեկավար Աղասաֆ Ղուլիեւը հանդիպել է աշխատողներին եւ պատմել նրանց ողջ ճշմարտությունը: Պարզվում է, որ աշխատանքի եւ բնակչության սոցիալական ապահովության նախարարությունն ընկերության հաշվին է փոխանցել 1.5 միլիոն մանաթ, սակայն այդ գումարի 51%-ը նախարարության ներկայացուցչին կանխիկ վերադարձնելու պայմանով: Ընկերությունը գումարը հանել է նախարարության փոխանցած հաշվեհամարից եւ 51%-ը փոխանցել նշված անձին: Շինարարության միջոցները կրճատվել են երկու անգամ, ընկերությունը ստիպված է եղել կրճատել աշխատողներին հասանելիք աշխատավարձը:

Աղբյուրը հիշեցնում է, որ հենց Ֆիզուլի Ալեքփերովի հարազատների անօրինական գործողություններն են հանգեցրել Իսմայիլիի անկարգություններին, իսկ այդ օլիգարխի գլխավորած նախարարությանը մեղադրում են կոռուպցիայի եւ անօրինական գործողությունների մեջ:

Իսմայիլում իրադարձություններից հետո նախագահը պաշտոնանկ էր արել Ֆ. Ալեքփերովի եղբորը, որն Իսմայիլում զբաղեցնում էր գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը:

Ընթացիկ տարվա հունվարի վերջին Իսմայիլում բողոքի ցույցեր տեղի ունեցան գործադիր իշխանության դեմ` ի դեմս Նազիմ Ալեքփերովի: Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, ներքին զորքերը հատուկ միջոցներ, արցունքաբեր նռնակներ, ռետինե փամփուշտներ եւ ջրցան մեքենաներ էին կիրառել ցուցարարներին ցրելու համար: Ձերբակալվել էր մի քանի տասնյակ մարդ, այրվել էին մեքենաներ, երկու կողմերից էլ վիրավորներ էին եղել: