Այսօր՝ ապրիլի 4-ին, Հայաստանի ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ քննարկել եւ ի գիտություն է ընդունել «2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը, որը ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը:

Նա տեղեկացրել է, որ 2012 թ.-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ հանրապետության 6 մարզկենտրոններում` Վանաձորում, Գավառում, Իջեւանում, Գյումրիում, Եղեգնաձորում, Կապանում հիմնվել են Պաշտպանի մարզային գրասենյակներ: Պաշտպանը եւ իր աշխատակազմը իրավական ծառայություն են մատուցել 7395 անձանց: Ըստ հիմնական զեկուցողի՝ Պաշտպանի իրավասություններին վերաբերող 999 բողոքների ուսումնասիրության արդյունքում վերականգնվել են 557 անձանց խախտված իրավունքները: 2011թ.-ի համեմատ Պաշտպանի աշխատակազմի կողմից վարույթ ընդունված գործերի ընդհանուր թիվն աճել է 39%-ով, իսկ դրական լուծում ստացած գործերի թիվը՝ 38%-ով: 2012 թվականին պետական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման մասին 31 որոշում է կայացվել:

Գենյա Պետրոսյանի տեղեկացմամբ՝ 2012թ. Պաշտպանի թեժ գիծն ընդունել է 1219 ահազանգ: Արագ արձագանքումը հիմնականում իրականացվել է, երբ անձն անհիմն բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից կամ ենթարկվել է բռնության: Արագ արձագանքմամբ քաղաքացիներին աջակցություն է տրամադրվել նաեւ հավաքների եւ այլ զանգվածային միջոցառումների ընթացքում ոստիկանության հետ ծագած խնդիրների պարագայում: Ընդհանուր առմամբ իրականացվել է 145 արագ արձագանքում, տրամադրվել` 1074 իրավաբանական խորհրդատվություն:

2012 թվականի ընթացքում Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մոտ 60 օրենսդրական առաջարկ, որոնք մեծամասամբ ընդունվել են նախագծերի հեղինակների կողմից:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը եւ իր ներկայացուցիչները, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, իրականացրել են 151 այցելություն քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ, ձերբակալված անձանց պահման վայրեր, զորամասեր, հոգեբուժարաններ, մանկատներ, հատուկ դպրոցներ, տուն-ինտերնատներ, գիշերօթիկ հաստատություններ:

Նույն օրը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ փոքր շտկումներ են տեղի ունեցել օրենքի նախագծում, մասնավորապես՝ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված, կամ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով հարկվող գործունեության տեսակներ համարվող անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը պարտավոր է ամսական կատարել կուտակային վճար ոչ թե 1000, այլ 5000 դրամի չափով, որը համարվում է օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված կուտակային վճարի գծով վերջնական պարտավորություն:

Հանձնաժողովը օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն՝ ընդգրկելու ԱԺ-ի երրորդ նստաշրջանի մեծ եւ ապրիլի 8-11-ի քառօրյա նիստերի օրակարգում:

Հեղինակների առաջարկով հանձնաժողովը մեկ տարով հետաձգել է Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերին պետական խրախուսման մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Այնուհետեւ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը, որոնք ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Հիմնական զեկուցողի խոսքով՝ ստացվել են առաջարկներ, որոնք համատեղ քննարկվել են, եւ հիմնական փոփոխությունները եղել են խմբագրական բնույթի:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքի նախագծերին տվել է դրական եզրակացություն՝ ԱԺ ապրիլի 8-11-ի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար: