Վերջին ամսվա ընթացքում Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններ, որոնք հակամարտությունը որակապես նոր փուլի հանգեցրեցին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ օրեցօր ճգնաժամը Սիրիայում ավելի է խորանում ինչպես ռազմական ու տեղեկատվական-քարոզչական դաշտում, այնպես էլ՝ երկրից դուրս դիվանագիտական հարթությունում: «Այդ ամենի արդյունքում հակամարտության լուծման հեռանկարներն ավելի մշուշոտ են դառնում»,-ընդգծել է արաբագետը:

Նա նշել է մի շարք իրադարձություններ, որոնք կարեւոր նշանակություն ունեն այս փուլում: «Մասնավորապես, կարեւոր է առանձնացնել, Թուրքիայի տարածքում, այսպես կոչված, «անցումային կառավարության» ստեղծումը, որի նախագահը, բնականաբար, Թուրքիայի եւ Վաշինգթոնի ճնշման արդյունքում դարձել է ազգությամբ քուրդ, ԱՄՆ քաղաքացի Հասան Իթուն: Պետք է նշել նաեւ ապստամբների կողմից քիմիական զենքի կիրառումը Հալեպի հյուսիսային բնակավայրերից մեկում»,-ասել է Արմեն Պետրոսյանը՝ հավելելով, որ այդ համատեքստում պետք է քննարկել նաեւ ԱՄՆ նախագահի այցելությունը տարածաշրջան, Թուրքիայի եւ Իսրայելի վարչապետների հեռախոսազրույցը, որի արդյունքում նրանք հաշտության գործընթաց սկսեցին:

«Ելնելով այս բոլոր իրադարձություններից, կարելի է պնդել, որ հակամարտությունը լրիվ նոր մակարդակ է մտել»,-ամփոփել է նա: