Երեւանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի թափառաշրջիկ անօթեւաններին ժամանակավոր կացարանով ապահովելու ուղղությամբ իրականացվող սոցիալական ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ: Դեռեւս 2011 թվականի տարեվերջին Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մշակված սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող այս ծրագրի շրջանակում մինչ օրս ժամանակավոր կացարան է տրամադրվել 152 անօթեւանի: Երեւանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ եւ հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ լուծվել են ոչ միայն կացարանի, այլ նաեւ սննդի, հիգիենայի, խնամքի եւ առաջնահերթ այլ միջոցառումների կազմակերպման հարցերը:
Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել այսօր կացարանում փաստացի բնակվող 41 անօթեւանների կենցաղային պայմաններին եւ իրականացվող ծրագրի ընթացքին: Քաղաքապետը զրուցել է շահառուների հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով եւ մեկ անգամ եւս վստահեցրել, որ սոցիալական ծրագրերը քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթություններից են եւ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է մշտապես համապատասխան աջակցություն ցուցաբերել:
«Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի տնօրինությանը, որ ապաստան տրամադրելով օգնում է մեզ մայրաքաղաքում անօթեւանների խնդրի կարգավորման հարցում: Եվ վստահեցնում եմ, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես լինելու է թե հիմնադրամի, եւ թե շահառուների կողքին եւ ամեն ինչ անելու ենք, որ Երեւանում անօթեւաններ չունենանք» - նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով կարեւոր այս ծրագրի իրականացման եւ ցուցաբերվող մշտական հոգածության համար, ծրագրի պատասխանատուներն իրենց հերթին նշել են, որ բացի սոցիալ-կենցաղային բաղադրիչից, ծրագրի շրջանակում իրականացվում է նաեւ անօթեւանների համալիր բուժզննություն եւ, անհրաժեշտության դեպքում, ցուցաբերվում է համապատասխան բժշկական օգնություն: Հարկ է նշել նաեւ, որ ծրագրի շնորհիվ շուրջ երկու տասնյակ անօթեւան տեղավորվել է աշխատանքի:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից կենտրոնին նվիրաբերվել են անօթեւանների խնամքի համար անհրաժեշտ իրեր:




























