Հայ ազգային կոնգրես խմբակցությունը մտադիր է դուրս գալ Էթիկայի հանձնաժողովի կազմից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Էթիկայի հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ նման տրամադրվածություն կա, բայց որոշում դեռ չկա:
«Այդ հանձնաժողովում բալանսը այլեւս գոյություն չունի, եւ եթե դա միակ հանձնաժողովն էր, որտեղ արդարության սկզբունքը պահպանված էր, եւ ամեն մի խմբակցությունից պատգամավոր էր ներկայացված, եւ ընդդիմությունը հնարավորություն ուներ ազդելու որոշումների վրա, ի տարբերություն մյուս հանձնաժողովների, որոնք ոչ մասնագիտական են եւ այսպես, թե այնպես մենք այնտեղ պարտավոր ենք լինել եւ կարծիքը արտահայտում ենք, փորձում ենք ինչ-որ ձեւով ազդել, բայց Էթիկայի հանձնաժողովում այլեւս որոշումների կայացման վրա ազդելու հնարավորություն ընդդիմությունը բացարձակ չունի, որովհետեւ պարիտետը խախտված է»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:
ՀԱԿ պատգամավորը նշեց, որ աշնանային նստաշրջանում ՀՀԿ-ն, տեսնելով, որ այդ հանձնաժողովը կարող է վճռորոշ լինել, որոշեց այդ հանձնաժողովն էլ իրենով անել, որ բոլոր որոշումները կայացվեն ի նպաստ ՀՀԿ-ի: Հետեւաբար, Լյուդմիլա Սարգսյանի խոսքով, դա այն հանձնաժողովը չէ, որտեղ իրենք պարտավոր են լինել եւ մասնագիտական մոտեցումները արտահայտել: Նրա կարծիքով` ընդհանրապես ճիշտ է, որ ընդդիմությունը հրաժարվի մասնակցել Էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին: Առայժմ այս հարցի շուրջ ԱԺ-ի ընդդիմադիրների հետ լուրջ խոսակցություններ չեն եղել». «Շատ լավ կլիներ, եթե մենք համատեղ որոշում կայացնեինք, դա ավելի ճիշտ կլիներ, այդպես հանձնաժողովի գոյությունը վտանգի տակ կդրվեր: Անիմաստ եմ համարում պատգամավորական էթիկայի վերաբերյալ նման հանձնաժողովի գոյությունը` առանց ընդդիմության լուրջ մասնակցության»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:




























