Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիարկությանը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության ղեկավարը ողջունել է «Ռոսնեֆտ» եւ «Օյլ տեխնո» ընկերությունների նախաձեռնությամբ Հայաստանում նավթամթերքների մարքեթինգի եւ առաքման բնագավառում համատեղ ձեռնարկություն ստեղծելու նախագիծը եւ նշել է, որ մեր երկիրը շահագրգռված է դրանում: «Ուրախ ենք նման լուրջ ներդրողի՝ հայկական շուկա մուտք գործելու կապակցությամբ, եւ կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի ծրագիրը հաջողությամբ իրականացվի»,- ասել է վարչապետը:
Իգոր Սեչինի խոսքով՝ Հայաստանում նավթամթերքների՝ ավիավառելիքի, բենզինի, դիզվառելիքի մատակարարման լուրջ ներուժ է առկա եւ իրենց համար մեծ պատիվ է այդ ուղղությամբ համագործակցության նման պլատֆորմ ստեղծելու հնարավորությունը:
Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ «Օյլ տեխնո» եւ «Ռոսնեֆտ» ընկերությունների միջեւ ստորագրվել է նավթամթերքների մարքեթինգի եւ առաքման բնագավառում համատեղ ձեռնարկություն ստեղծելու նպատակով համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Այն ստորագրել են «Օյլ տեխնո» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ալավերդյանը եւ «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը:
































