Երեւանի Ազատության հրապարակում այսօր` ապրիլի 4-ին, անցկացվել է մոմավառություն Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիշատակին: Մոմավառության մասնակիցների ձեռքին կային զանազան գրություններով պաստառներ` «Ապահով Հայաստանում հերոսները սպանվում են», «Հրաչին սպանել են Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը», նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի ազատամարտիկ գյուղապետի հիշատակը: Ակցիային մասնակցում էին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Սարդարապատ շարժման անդամ Տիգրան Խզմալյանը եւ այլ քաղաքական, հասարակական, գործիչներ:
Մոմավառության ժամանակ ցուցադրվել է նաեւ Հրաչ Մուրադյանին նվիրված ֆիլմ: Իսկ վաղը` ապրիլի 5-ին, տեղի կունենա երթ դեպի Պռոշյան գյուղ` ազատամարտիկի թաղման արարողությանը մասնակցելու նպատակով: Երթի սկիզբը` ժամը 11:30-ին, Աշտարակի խճուղու վրա գտնվող ավտոսերվիսի խաչմերուկից»:
Նշենք, որ նախաձեռնության Facebook-ի էջում, մասնավորապես, ասվում է. «Պռոշյանի գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանն ի շարս ջավախքցի Պողոս Պողոսյանի, Մարտի 1-ին սպանվածների, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի եւ այլ արժանավոր հայորդիների` դարձավ համակարգի հերթական զոհը: Հրաչ Մուրադյանը Սիրիայից ներգաղթած ընտանիքի զավակ էր, Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից (եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից մեկը), չորս անչափահաս երեխաների հայր: Նա ազնիվ, անկաշառ, անարդարության եւ ապօրինության դեմ ընդվզող մարդ էր, ապրում էր իր գյուղի ու համայնքի հոգսերով, ուստի անհամատեղելի էր ժողովրդին կեղեքող եւ հանցավոր բարքերով առաջնորդվող համակարգի հետ:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն: Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանների անունները, սակայն, որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում է գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը:









Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























