«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ա. Մարտիրոսյանը ապրիլի 1-ին Երեւանի քաղաքապետին է ներկայացրել թիվ Ժ-157/13 գրությունը`. ապրիլի 9-ին ժ. 17.00-ից մինչեւ 21.00-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Ազատության հրապարակում նախորոք իրազեկված հանրային հավաքի ընթացքում Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վ.Սարգսյան փողոց-Գ. Լուսավորիչ փողոց-Հ.Պարոնյան փողոց-Պռոշյան փողոց-Մ.Բաղրամյան պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից:
Հաշվի առնելով, որ նույն օրը Բաղրամյան 26 հասցեում գտնվող Հանրապետության Նախագահի նստավայրում Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու արարողության կապակցությամբ նախատեսված են բազմաթիվ արարողակարգային միջոցառումներ եւ հանդիպումներ արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների հետ, հետեւաբար, իրազեկման մեջ նշված երթուղով երթի անցկացումը կարող է էական դժվարություններ ստեղծել ՀՀ Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված՝ Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու արարողության կապակցությամբ մի շարք այլ արարողակարգային միջոցառումների իրականացմանը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված կարեւոր պետական միջոցառումը՝ Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու արարողությունն անհրաժեշտաբար զուգորդվում է բազմաթիվ այլ արարողակարգային միջոցառումներով, որոնք ուղղակիորեն բխում են հանրային շահերից եւ որոնք պայմանավորում են Պռոշյան փողոցով եւ Բաղրամյան պողոտայով անխափան երթեւեկության ապահովման անհրաժեշտությունը Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը 04.04.2013թ. որոշեց մասամբ սահմանափակել հիշյալ երթուղով եւ նշված ժամանակամիջոցում երթ անցկացնելու հնարավորությունը՝ բացառելով մասնավորապես Պռոշյան փողոցով եւ Բաղրամյան պողոտայով երթի անցկացումը՝ դրա փոխարեն առաջարկելով երթն անցկացնել Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա–Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վ. Սարգսյան փողոց-Ստ. Շահումյանի անվան հրապարակ-Վ. Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց–Ազատության հրապարակ երթուղով»,-հայտնեցին քաղաքապետարանից:




























