Մտավախություն կա, որ վերջին նախագահական ընտրությունները կարող են ազդել Երեւանի ավագանու ընտրությունների վրա: Այդ մասին ապրիլի 5-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Սակայն, նրա խոսքով, երեւանցիները հակված են ընտրել մարդու, ով կլուծի իրենց սոցիալական խնդիրները: «Հարցին, թե որն է վճռորոշ քվեարկության ժամանակ, կուսակցության համամասնական ընտրացուցակին, ցուցակի առաջին համարի կուսակցական-քաղաքական գործունեությունը նշել են հարցվածների 5,5-7 տոկոսը, մասնագիտական փորձառությունը` 40,5 տոկոսը, անձի արդարամիտ լինելը` 44,5 տոկոսը»,- ասել է սոցիոլոգը: նա նշել է, թե սոցհարցումը ներառել է նաեւ հարց, թե որքանով են ցուցակների առաջին դեմքերը համապատասխանում քաղաքապետի պաշտոնին: «Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը կտրուկ առաջ է անցել բոլորից` 70 տոկոս, Վարդան Օսկանյանը ստացել է` 12,3 տոկոս, Արմեն Մարտիրոսյանը` 5,7 տոկոս, Արմեն Երիցյանը` 5,5 տոկոս, Արմեն Ռուստամյանը` 4,8 տոկոս, Վահագն Խաչատրյանը` 3,3 տոկոս»,- ընդգծել է Ահարոն Ադիբեկյանը:

Նշենք, որ ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին: