Երեւանի հարցված ընտրողների 46,8% -ն արդեն գիտի` ում է տալու իր ձայնը: Նրանցից միանգամայն վստահ քվեարկելու է 29,8%-ը: Այդ մասին այսօր` ապրիլի 5-ի մամուլի ասուլիսում հայտնել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«13,5%-ը դեռ չի որոշել ` քվեարկելու է, թե` ոչ, իսկ ընտրողների 7,5%-ը չեն ասել` կտա՞ն իրենց ձայնն ուժերից որեւէ մեկին, թե` ոչ: Մնացած ընտրողները պատասխան չեն ունեցել», - հայտնել է սոցիոլոգը, հավելելով, որ եթե ընտրության գան միայն  նրանք, ովքեր պատրաստ են մասնակցության, պատկերը հետեւյալը կլինի. 49,7%-ը հաստատ գիտի` ում օգտին է քվեարկելու,  20%-ը դեռ չի որոշել, իսկ 11%-ը չի ասում` քվեարկելու է , թե ոչ:  «Ընդ որում, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատասխանողների վերջին մասն ընդհանրապես ընտրություններին չի մասնակցում: Նրանք այն մարդիկ են, որոնք մասնակցում են մեր հարցումներին իրենց լավ կողմից ներկայացնելու նպատակով կամ էլ իրականում  տատանվում են», - կարծում է Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա համոզման` քարոզարշավի թիրախը կդառնա չկողմնորոշված ընտրողների 20%-ը, քանի որ մնացած մասնակիցների ձայները կանխորոշված են:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին: Ընտրություններին կմասնակցեն վեց կուսակցություն` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստանը, ՀՅԴ-ն, «Օրինաց երկիրը», Հայ ազգային կոնգրեսը, «Առաքելությունը» եւ «Բարեւ, Երեւան» դաշինքը: