Այսօր՝ ապրիլի 5-ին, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Աղդամ-Բարդա ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ: ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:

Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը /Ֆրանսիա/, Իգոր Պոպովը /Ռուսաստան/ եւ Յան Քելին /ԱՄՆ/, ովքեր նախօրեին տեղի ունեցած դիտարկման ժամանակ ադրբեջանական կոմից անցել էին ԼՂՀ տարածք, հատել են շփման գիծը ականազերծված հատվածով՝ անցնելով Արցախի տարածքից հակառակ կողմը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: