Թեեւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք հատուկ նիստին հաշված օրեր են մնացել, բայց դեռեւս հայտնի չէ ԱԺ մի քանի խմբակցությունների մասնակցությունը դրան:

Կմասնակցի՞ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, թե՝ ոչ, հարցին ի պատասխան ԲՀԿ առաջնորդ, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը նշեց, որ այդ հարցի վերաբերյալ այս պահին որեւէ հստակ տեղեկատվություն չի կարող հայտնել: Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության մասնակցությունը նիստին, նա նշեց, որ այդ թեմայով քննարկում չի եղել եւ չի կարող ասել, թե երբ կլինի:

Հատուկ նիստին չեն մասնակցելու ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները, իսկ ՀՅԴ-ն դեռ չի կողմնորոշվել, ինչպես իրենք են սիրում կրկնել` օրը կգա, բարին հետը:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին կայանալիք ՀՀ ազգային ժողովի հատուկ նիստին ներկա կլինեն մոտ երկու հազար հրավիրյալներ: Հրավիրյալների թվում կլինեն հասարակական, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, հոգեւոր դասի, ԼՂՀ իշխանությունների եւ հասարակայնության, Երեւանի եւ մարզերի, սփյուռքի ներկայացուցիչներ, գիտնականներ, արվեստագետներ, ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների, ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությունների, մարզաշխարհի, բուհերի, գործարար համայնքի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ:

Նշենք, որ ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրված Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: