Չաշխատող գործարանի գույքահարկը պետք է կրկնապատկվի, որպեսզի սեփականատերը վաճառի տվյալ գործարանը: Նման հայտարարություն այսօր` ապրիլի 5-ին արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի հետ զրույցում:

Ս. Հակոբյանը նշեց, որ Մասիսի պահածոների գործարանը սեփականաշնորհումից հետո չի աշխատել, սեփականատերերը ներդրում չեն անում: Նրա տեղեկացմամբ` սեփականատերերը «Հայրենիք» տոնավաճառի տերերն են (այսինքն` Հայրապետյանները): Վարչապետին այդ տեղեկատվությունը զարմացրեց. «Առանց այն էլ փողի կարիք ունեն, ինչո՞ւ չեն վաճառում»: Վարչապետը խոստացավ խստացնել չաշխատող գործարանների նկատմամբ տարվող քաղաքականությունը, որպեսզի սեփականատերերը կամ աշխատեցնեն դրանք, կամ վաճառեն:

Նշենք, որ Մասիսի պահածոների գործարանը մինչ սեփականաշնորհումն ուներ 1200-1300 աշխատատեղ: Ներկայում Մասիսի տարածաշրջանի բերքը վերամշակվում է Արարատում կամ Արտաշատում: Ըստ Տ. Սարգսյանի` այդ գործարանի վերազինումը Մասիսում կլուծի աշխատատեղերի հարցը: