Արդյոք Մասիս քաղաքում մեռած թոշակառուները շարունակում են թոշակներ ստանալ: Այդ հարցն այսօր` ապրիլի 5-ին, հետաքրքրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով աշխատանքային այցով գտնվում էր Մասիսի նորաբաց սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնում: 

«Անցյալ տարի 19 հազ. մեռած թոշակառու հանեցինք ցուցակներից: Բնականաբար` դրանց մեջ մասիսցիներ էլ կային, թե՞ դուք սուրբ եք էջմիածնեցիների հետ համեմատ»,- տեղի սոցիալական պատասխանատուներին հեգնեց Տ. Սարգսյանը: Վերջիններս պնդեցին, որ ամսական կտրվածքով թոշակ ստացող քաղաքացիների թիվն ավելանում է, քանի որ ավելի շատ մարդ է անցնում թոշակային տարիքի, քան թոշակառու է մահանում: Սակայն պարզաբանումները կարծես թե չհամոզեցին վարչապետին` նա կրկին ակնարկեց թոշակ ստացող մեռած հոգիների ու սոցիալական ծառայություններում երկակի հաշվապահության վարման փաստերի մասին: Սակայն Տ. Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ սոցիալական ծառայությունների կենտրոնացումը մեկ կենտրոնում, ինչպես նաեւ տվյալների միասնական շտեմարանի ստեղծումը թույլ կտան խուսափել մեռած հոգիներին թոշակներ բաժանելուց: