Ապրիլի 9-ին Վրաստանը պատրաստվում է նշել Անկախության վերականգնման հռչակագրի 22-ամյակը, սակայն երկրի համար կարեւորագույն փաստաթղթի բնօրինակը, հնարավոր է, գտնվում է Չեչնիայում, գրում է «Իզվեստիան»:
1991թ. Վրաստանի պետկառույցներում աշխատող պաշտոնյաների պնդմամբ` կորած հռչակագիրը կարող է այժմ Ռուսաստանում գտնվել՝ Չեչնիայում, որտեղ ապաստանել էր 1992թ. Թբիլիսիից փախած երկրի այն ժամանակվա նախագահ Զվիադ Գամսախուրդիան: Քաղաքական գործիչը հետո Վրաստան էր վերադարձել, սակայն նրա մարդիկ փաստաթուղթը կարող էին կորցրած լինել ճանապարհին, հայտնում է հրատարակչությունը:
«Իմ տեղեկություններով` Գամսախուրդիան փաստաթուղթը Գրոզնի էր տարել: Այնուհետեւ փաստաթղթի հետքերը կորել են», –1990-ականներին հայտնել էր Վրաստանի խորհրդարանի քարտուղարության ղեկավար Համլետ Չիպաշվիլին: Նա հիշել է, որ փաստաթուղթը վերջին անգամ տեսել է այն ստորագրելու ժամանակ (1991թ. ապրիլի 9): Փաստաթուղթը լուսանկարել են, կնքել, իսկ հետո այն վերցրել է Գամսախուրդիան:
1991թ. դեկտեմբերին Թբիլիսիում քաղաքացիական պատերազմ էր սկսվել, եւ փաստաթղթի բնօրինակի մասին մոռացել էին:
Գամսախուրդիան թաքնվել էր Գերագույն խորհրդի շենքի բունկերում, իսկ 1992թ. հունվարին փախել ընկերոջ` չեչեն անջատողականների առաջնորդ Ջոհար Դուդաեւի մոտ:
Գամսախուրդիայի օրոք կառավարությունը ղեկավարած Թենգիզ Սիգուան հաստատել է, որ Չիպաշվիլին դիմել էր իրեն` խնդրելով երկրի առաջնորդին համոզել, որպեսզի փաստաթուղթը վերադարձնի: «Ես մի քանի անգամ դիմել եմ Գամսախուրդիային փասաթուղթը վերադարձնելու հարցով: Նա խոստանում էր, բայց ոչինչ չէր անում: Ավելի ուշ` արդեն վարչապետի պաշտոնում, ես կարգադրեցի ՆԳՆ-ին եւ ԱԱՆ-ին գտնել փաստաթղթի օրիգինալը, սակայն` ապարդյուն: Կարծում եմ, որ այդ փաստաթուղթը մինչ օրս Գրոզնիում է: Դա կարող են իմանալ Գամսախուրդիայի ընտանիքի անդամները: Ամոթ է. Վրաստանի խորհրդարանում պահվում է 1918թ. Անկախության հռչակագիրը, իսկ 22 տարվա վաղեմության փաստաթուղթը չկա»:




























