Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ մարտի 26-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1968 թ. ծնված Սարգիս Ս.-ն՝ հայտնելով, որ հրազենային վնասվածքը ստացել է ոտքին, իսկ ատրճանակի բռնակով հարվածել են գլխին: Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի թիվ 22 շենքի հետնամասում գտնվող խաղահրապարակում հայտնաբերվել էր կրակված 1 պարկուճ, ինչպես եւ արյան հետքեր:

Սարգիս Ս.-ի մոտ ախտորոշվել էր «ձախ սրունքի վերին երրորդի հրազենային վնասվածք, աջ ականջի սալջարդ վերք»:

Նույն օրը, ժամը 20.00-ին, բժշկի կողմից տրվել էր տեղեկանք, որ Սարգիս Ս.-ն գտնվում է վիրահատարանում եւ ի վիճակի չէ հաղորդում տալու:

Մարտի 29-ին, ժամը 16.30-ին, Սարգիս Ս.-ն հաղորդում է տվել, որ մարտի 26-ին  մի հիմնարկության  արտադրամասի մոտակայքում,  արտադրամասի նախկին աշխատող Աննա Պ.-ի ամուսին ոմն Նորիկի հետ վիճաբանության ժամանակ, վերջինս կրակել է իր ձախ ոտքին եւ պատճառել վնասվածք:

Պարզվել է, որ Նորիկը 1971 թ. ծնված  Նորիկ Մ.-ն է:

Ապրիլի 4-ին ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել Նորիկ Մ.-ն եւ ներկայացրել հանցագործության գործիք   «Մակարով» ատրճանակը` պահունակով` լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով, եւ խոստովանել կատարածը:

Ներկայացվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Նորիկ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: