Հայաստանի Հանրապետությունում մեկնարկում է ուսանողական վարկերի ու վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Ծրագրից կարող են օգտվել պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների` վճարովի համակարգի բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնառող ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողները:

Յուրաքանչյուր ուսանողի առավելագույնը կտրամադրվի 1.8 մլն դրամ, առավելագույնը 4 անընդմեջ մասնաբաժնով, ընդ որում` յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը ոչ ավել, քան 450 հազար ՀՀ դրամ` կախված ուսման վարձավճարի չափից:

Վարկերը կտրամադրվեն 10 տարի մարման ժամկետով` սահմանելով արտոնյալ ժամկետ ուսումնառության ընթացքում առավելագույնը 4 տարվա համար (կմարվեն միայն տոկոսագումարները):

Վարկերը կտրամադրվեն 12 տոկոս տարեկան դրույքաչափով: Պետության կողմից սուբսիդավորվելու է 2 տոկոսային կետը: Մեկ ուսումնական տարվա արդյունքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար պետության կողմից սուբսիդավորվելու է տոկոսադրույքի 3 տոկոսային կետին համարժեք մասը: