Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում գործող հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակցուհի 49-ամյա Կարինե Գ.-ն կասկածվում է 2-3 հազար դրամ միջնորդավճարով հաճախորդներին մարմնավաճառուհիներ մատակարարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Իրավապահները պարզել են, որ Կարինե Գ.-ն շահադիտական նպատակով միջնորդել է մի շարք մարմնավաճառուհիների սեռական հարաբերությունների մեջ մտնել տարբեր անձանց հետ: Նա եւ նրա գործողություններից տուժած մարմնավաճառուհիները եւ հաճախորդներից մեկը հրավիրվել են ոստիկանության Աշտարակի բաժին: Նա այդկերպ փորձել է բարձրացնել հյուրանոցային համալիրի աշխատանքային արդյունավետությունը եւ եկամտաբերությունը:
Կարինե Գ-ն հեռախոսով պայմանավորվել է մարմնավաճառուհիների հետ եւ հաճախորդների խնդրանքով կանչել նրանց՝ միջնորդելով մտնել սեռական հարաբերության մեջ, յուրաքանչյուր միջնորդությունից ստանալով 2-3 հազար դրամ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ կասկածյալն իր հանցավոր գործունեությունն սկսել է դեռեւս 2011թ-ից: Այդ ընթացքում իր «բիզնեսի» ոլորտ է ներգրավել առնվազն 5 մարմնավաճառուհու: Նախապատրաստած նյութերը ուղարկվել են ոստիկանության Արագածոտնի մարզային քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:




























