«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տնօրինությունն արձագանքել է NEWS.am«Վանաձորում շինարարության պատճառով անորոշ ժամանակով ջրազրկել են 4 շենքեր» հրապարակմանը, որը թողարկվել է NEWSmaker բաժնում:

Ստորեն ներկայացնում ենք պարզաբանումը.

«Ապրիլի 3-ի NEWSmaker-ի կողմից Ձեր կայքում «Վանաձորում շինարարության պատճառով անորոշ ժամանակով ջրազրկել են 4 շենքեր» հրապարակմանն ի պատասխան «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ իրականում խնդիր եղել է տվյալ հասցեում, սակայն կարճ ժամկետում այն վերացվել է եւ հեղինակի տվյալներն ամենեւին չեն համապատասխանում իրականությանը:

Երեւանյան փողոցի 117, 119, 121, 123 շենքերը ջուր ստանում են օրումեջ 7 ժամ: Տեղեկացնում ենք, որ վերոհիշյալ խնդրով նշված շենքերի բնակիչները դիմել են ընկերություն ապրիլի 1-ին: Ընկերության մասնագետները տեղում պարզել են, որ մասնավոր անձը շինարարություն կատարելիս սխալմամբ խզել է ջրամատակարարում ապահովող խողովակը, ինչի պատճառով այդ օրը բնակիչները ջուր չեն ստացել: «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ջրատար մեքենայով 2 անգամ ջուր է բաժանել շենքերում մինչեւ տվյալ անձը վերականգնի ջրամատակարարում ապահովող վնասված խողովակը: Ապրիլի 3-ին, այսինքն հաջորդ գրաֆիկին, Երեւանյան փողոցի 117, 119, 121, 123 շենքերի բնակիչների ջրամատակարարումը վերականգնվել է, իսկ համակարգում խնդիր ստեղծող անձը, ում պատճառով անհարմարություն էր առաջացել 4 շենքերի սպառողների համար, ենթարկվել է պատասխանատվության:

Մեկ անգամ եւս հայտնում ենք, որ հեղինակի հրապարակումն ապատեղեկատվություն է, իսկ վերջում կատարած պարզաբանումը, թե այդ բնակիչները զրկված կլինեն ջրից եւս մի քանի օր, չի համապատասխանում իրականությանը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Երեւանյան փողոցի 4 շենքեր անորոշ ժամանակով զրկվել են ջրամատակարարումից՝ հարակից տարածքում կատարվող շինարարության պատճառով։ Այս մասին NEWS.am-ին ահազանգել էր ընթերցող Մխիթար Սերոբյանը, ով տեղեկացրել էր, որ Երեւանյան փողոցի 117, 119, 121, 123 շենքերը ջրազրկվել, քանի որ մոտոկայքում կառուցվող բնակիչների համար անհայտ շինության շինարարության արդյունքում կտրել են շենքերը ջրով սնուցող խողովակը։ «Վերոնշյալ  շենքերում ջրամատակարարում կատարվում է 2 օրը մեկ անգամ։

Վաղ առավոտյան բնակիչները զանգահարել էին «Ջրմուղկոյուղի», որտեղից՝ ի պատասխան հնչող բողոքների, հայտնել են, որ բնակիչներին ջուր կուղարկեն հատուկ մեքենայով: Ժամը 15:40 սահմաններում մեքենան ժամանեց, սակայն ջուրը սահմանափակ էր: Պարզվեց  բնակիչները զրկված կլինեն ջրից եւս մի քանի օր»,- նշել է ընթերցողը:

Նա տեղեկացնում է, որ ջրամատակարարումը դադարեցրել են ապրիլի 1-ից։