«Ժառանգություն» խմբակցությունը չի քննարկել ԱԺ Էթիկայի հարցերով հանձնաժողովը բոյկոտելու հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նա նշեց, որ նոր կազմով Էթիկայի հանձնաժողովը մի քանի նիստ է արել, լսել են Մհեր Սեդրակյանի, Միքայել Մելքումյանի եւ 83 ՀՀԿ-ական պատգամավորների վերաբերյալ գործերը: «Փաստորեն, այնպես է եղել, որ իրականության մեջ մի քանի խնդիրներ լսել ենք,  ունենք նաեւ իրավիճակ, որ գործը հարթվել եւ տեղ է հասել:

Բնականաբար, նախկին իրավիճակը ավելի բարենպաստ էր ընդդիմության համար, որպեսզի խնդիրները լուծի: Այդ իմաստով ճանապարհի կեսից ասել, թե պետք է դուրս գան բոլոր ընդդիմադիրները, տեսակետ է, որն իրավունքի ունի կյանքի, լավ կլինի բոլորով հավաքվեն եւ քննարկեն այդ հարցը»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ խմբակցությունում այդ հարցի վերաբերյալ քննարկում չի եղել, քանի որ այժմ մտահոգված են ներքաղաքական խնդիրներով, իսկ էթիկայի հանձնաժողովում այս պահին չկա որեւէ կոնկրետ խնդիր, որի վերաբերյալ պետք է քննարկումներ անեն, եւ այս պահին ձեւական է մասնակցությունը:

Նշենք, որ այ ազգային կոնգրես խմբակցությունը մտադիր է դուրս գալ Էթիկայի հանձնաժողովի կազմից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ նման տրամադրվածություն կա, բայց որոշում դեռ չկա:

«Այդ հանձնաժողովում բալանսը այլեւս գոյություն չունի, եւ եթե դա միակ հանձնաժողովն էր, որտեղ արդարության սկզբունքը պահպանված էր, եւ ամեն մի խմբակցությունից պատգամավոր էր ներկայացված, եւ ընդդիմությունը հնարավորություն ուներ ազդելու որոշումների վրա, ի տարբերություն մյուս հանձնաժողովների, որոնք ոչ մասնագիտական են եւ այսպես, թե այնպես մենք այնտեղ պարտավոր ենք լինել եւ կարծիքը արտահայտում ենք, փորձում ենք ինչ-որ ձեւով ազդել, բայց Էթիկայի հանձնաժողովում այլեւս որոշումների կայացման վրա ազդելու հնարավորություն ընդդիմությունը բացարձակ չունի, որովհետեւ պարիտետը խախտված է»,- ասել է  ԱԺ Էթիկայի հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am