Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) դիմել է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իլիյա Գարկովին եւ վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանին, ընկերության երկրաբանական ուսումնասիրությունների, ընդերքօգտագործման, օգտակար հանածոների արդյունահանման, բնապահպանական եւ այլ փորձաքննությունների փաստաթղթերի կրկնօրինակները ստանալու խնդրանքով:

Միեւնույն ժամանակ, խնդրել է իրեն տրամադրել հետեւյալ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն.

1. Արդյոք ընկերության բոլոր աշխատակիցներն ունե՞ն բժշկական եւ կյանքի ապահովագրություն, եթե այո, ապա ո՞ր թվականից, եւ ո՞ր ընկերության միջոցով:

2. Արդյոք ընկերության աշխատակիցները պարբերաբար անցնո՞ւմ են բժշկական զննություն, եթե այո, ապա ի՞նչ պարբերությամբ եւ ո՞ր բժշկական հաստատություններում:

3. Արդյոք ընկերության կողմից պատվիրվե՞լ են ուսումնասիրություններ՝ իր գործունեության ընթացքում Կապան քաղաքի ու հանքավայրի շրջակայքում գտնվող այլ բնակավայրերի բնակիչների առողջապահական խնդիրների եւ շրջակա միջավայրի էկոլոգիական պայմանների վատթարացման միջեւ կապը բացահայտելու կամ բացառելու ուղղությամբ:

4. ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ  «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության գործունեության արդյունքում Կապան համայնքը եւ շրջակա համայնքներն աղտոտված են ծանր մետաղներով եւ թունավոր տարրերով: Այս կապակցությամբ խնդրել են հայտնել, թե ի՞նչ կարծիք ունի ընկերության տնօրինությունն այդ հետազոտությունների վերաբերյալ եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում իրենց կողմից այդ վնասներն ու վտանգները կանխարգելելու եւ վերացնելու ուղղությամբ: