Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` ապրիլի 5-ին, կայացել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի` Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստը:
Դատական նիստի ժամանակ սպառնալիքներ են հնչել այս գործով ձերբակալված Հարություն Սարգսյանի պաշտպան, փաստաբան, Փաստաբանական պալատի անդամ Լուսինե Սահակյանին: Վարդան Ղուկասյանի կողմնակիցները փաստաբանին ասել են, թե նիստից հետո պոկելու են նրա գլուխը, մազերը եւ նման տիպի բաներ: Փաստաբանը նրանց անուններով չգիտի, բայց դեմքերով ճանաչում է: Նա միջնորդել է դատարանին պարզել նրանց անձը եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, սակայն դատարանը այդպես էլ չպարզեց, իսկ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու ուղղությամբ ոչինչ չձեռնարկեց:
Փաստաբանը նշեց, որ նիստին այսօր կանչված էր մի վկա, որի ցուցմունքը այդ գործի համար առանցքային նշանակություն ուներ: Նրանք ունեն նաեւ փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ վկան թուլամիտ է, մտավոր հիվանդություն ունի, «ակնհայտ հիվանդ երեխա էր հրավիրված դատարան»: «Իրենց համար միգուցե անակնկալ էր այդ երեխայի դատարան գալը, իմ կարծիքով, իրենք կազմակերպեցին այդ ամբողջը, որպեսզի ազդեն վկայի վրա, որովհետեւ երբ դատարանում գոռգոռում էին եւ նման սպառնալիքներ էին տալիս, վկան այն ատսիճանի էր վախեցել, որ սկսել էր դողալ, մայրն էլ լաց էր լինում: Եւ հետո էլ մեղադրող կողմը պահանջեց, որ քանի որ վատ է զգում վկան, հետաձգվի դատական նիստը»,- պատմեց Լուսինե Սահակյանը:
Իսկ իրենք միջնորդեցին, որ վկային դատակոչի ցուցմունքից հանել, որովհետեւ նրա տված ցուցումունքները չեն կարող իրականությանը համապատասխանել` նկատի ունենալով նրա հիվանդությունները, սակայն դատարանը ոչինչ չձեռնարկեց: Խնդրեցին դատական նիստը հետաձգել կարճ ժամանակով, բժշկական օգնություն ցույց տալ վկային, այնուհետեւ շարունակեն դատական նիստը, որ հնարավորություն չտան ազդելու վկայի վրա: Բայց դատարանը հետաձգեց դատական նիստը մեկ այլ օր, փաստաբնի խոսքով, այդպիսով հնարավորություն ընձեռվեց, որպեսզի այդ վկայի վրա կարողանան ազդել: «Դատական նիստի դահլիճ մտնելուց առաջ արդեն իսկ վկայի վրա ազդել էին, եւ վկան որ մտավ դահլիճ, արդեն իսկ դողում էր»,- ասաց Լուսինե Սահակյանը: Այդպիսով, դատարան հեթական նիստը նշանակեց ապրիլի 15-ին` իմանալով, որ այդ օրը չի կարող նիստը կայանալ, քանի որ բոլոր փաստաբանները զբաղված են մեկ այլ դատական նիստերում:
Ի դեպ, այս գործի շրջանակններում դատարանը բավարարել էր Վարդան Ղուկասյանին` որպես վկա, նիստին հրավիրելու միջնորդությունը, սակայն նա ոչ երեկ ներկայացավ նիստին, որ այսօր, իսկ «դատարանն էլ ոչինչ չի ձեռնարկում, որպեսզի նրան բերման ենթարկելու որոշում կայացնի»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 12-ին, Գյումրիում սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է` 27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս էր եկել եւ չի վերադարձել: Կարենը գնացել էր ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել էին ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով:Ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) եւ 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Այս գործով կալանավորված է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին՝Հարություն Սարգսյանը
Իսկ ավելի ուշ ավտովթարի էր ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը:




























