Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների հայրը՝ Վաղինակ Վարդանյանը, նոր փորձաքննություն է պահանջելու, երբ ստանա ստորագրված փաստաթուղթ, որտեղ կհաստատվի, թե երեխաները մանկական կերից չեն մահացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նորածինների հայրը եւ ավելացրեց, որ ոստիկանությունում իրեն ասել են, թե դեռ չի հաստատվել, որ երեխաները մանկական կերից չեն մահացել, այնինչ` երկու փորձաքննության արդյունքներ դա են վկայում:

«Ոչ զանգում են, ոչ բան: Սկզբում ասացին, որ փորձաքննությունները 15 օր կտեւի, արդեն 40 օր է անցել, բայց ոչ մի հստակ բան մեզ չեն ասում: Դեպքի առաջին օրերին շուտ-շուտ զանգեր էին գալիս, թե եկեք ցուցմունք տվեք, բայց հիմա չեն էլ զանգում: Թող պատասխանները գրավոր գա ինձ, որ ես իմ աչքով  տեսնեմ, թե մանկական կերից չի: Այդ ժամանակ ունեմ մոտիկ հարազատ, ով անհնարինը հնարավոր է սարքում: Այդ ժամանակ նոր փորձաքննություն եմ պահանջելու»,- ավելացրեց նորածինների հայրը:

Վաղինակ Վարդանյանի խոսքով՝ ինքը չի հավատում, որ նորածինները մանկական կերից չեն մահացել: «Եթե մի երեխան լիներ, ես կարող ա մտածեի, որ կերից չի: Բայց երկու երեխաներն էլ մահացել են: Ես ո՞նց կարող եմ ասել կերից չի»,- դժգոհեց նորածինների հայրը: Նա չբացառեց, որ գործի հետեւում ազդեցիկ մարդիկ են կանգնած: «Ամեն ինչ հնարավոր է: Նույնիսկ հնարավոր է, որ կարող ա դա ծածկեն, վերեւից իրենց էլ վախեցնեն, կարող ա եւ առաջ գնան ինձ վախեցնեն: Ասում են չէ՞, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Դե ես էլ հասարակ ռամիկ տղա եմ, գյուղի հալալ քրտինքով ապրող, աշխատող»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ իրավապահ մարմինների կողմից անցկացված փորձաքննության արդյունքներով Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան պատճառը մանկական կերը չի եղել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված իրացման ցանցում առկա «Նեստոժեն» մանկական չոր կաթի փոշու փորձաքննության արդյունքերով եւս պարզվել էր, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են եւ երեխաների առողջության վրա որեւէ բացասական հետեւանք ունենալ չեն կարող: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիր մարզի Առատաշեն գյուղում մահացած նորածին Մերի եւ Մարիամ Վարդանյանները մինչեւ մահանալը շատ առողջ են եղել, իսկ դեպքը տեղի է ունեցել երեխաների մոր հայրական տանը, երբ վերջինս երեխաների հետ «դարձ» է գնացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Առատաշեն համայնքի ղեկավար` Վահրամ Հարությունյանը: Գյուղապետը պատմել էր, որ նորածինների ծնողները 4 տարի է, ինչ ամուսնացած են եւ ունեին երեք աղջիկ: Մեծ աղջիկը արդեն 3 տարեկան է: Ընտանիքը սոցիալապես անապահով է եւ հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում: Տեղեկացրել էինք նաեւ, որ Դատախազության մամուլի ծառայությունից հայտնել էին, թե «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից այսօր հաղորդում է ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում իրենց մոտ է ընդունվել 22.11.2012թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը: Պարզվել է, որ Մերի Վարդանյանը եւ նրա երկվորյակ քույրը՝ Մարիամ Վարդանյանը, դրանից կարճ ժամանակ առաջ մահացել են իրենց տանը: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ երեխաների մայրը՝ նույն օրը` ժամը 05:00-ի սահմաններում, երեխաներին կերակրել է դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերով: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը) եւ ուղարկվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բացի այդ առգրավվել է նաեւ չոր կաթը, որը նույնպես ուղարկվել է փորձաքննության։ Նախնական տեղեկություններով` չոր կաթը եղել է «Նեստոժեն» ֆիրմայի արտադրանք: Նրանց մահվան փաստով նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքներով էլ նորածինների մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: