Վթարի ենթարկված ԱԺ նախկին պատգամավոր, ներկայումս ԲՀԿ-ական Զոհրաբ Զոհրաբյանն ալկոհոլ ընդհանրապես չի օգտագործում եւ վթարի օրը նա վերադառնալիս է եղել տուն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զոհրաբ Զոհրաբյանի կինը` Արմինե Մարկոսյանը: 

Հարցին, թե իր կարծիքով, կատարվածը դժբախտ պատահա՞ր է, թե՞ դիտավորություն, նա պատասխանեց. «Ես ոչ մի բան  չեմ կարող ասել: Ինքը կկազդուրվի, իրենից կհարցնենք»: Նրա խոսքով՝ մինչեւ վթարը Զոհրաբ Զոհրաբյանին ուղղված սպառնալիքներ չեն եղել, իսկ ծեծկռտուքի հետ կապված տեղեկությունները հենց մեր կայքում է հերքել:

Զոհրաբյանի կինը նաեւ նշեց, որ իրենց անվտանգությունը ներկա պահին չի հսկվում եւ դրա անհրաժեշտությունը չունեն: Նա ասաց, որ Զոհրաբ Զոհրաբյանը տուն վերադառնալիս է եղել, սակայն ընտանիքում ընդունված չէ հարցնել, թե որտեղից է վերադառնում, հետեւաբար ինքը չգիտեի, թե որտեղից էր այդ օրն ամուսինը վերադառնում: «Կարեւոր չէ, թե որտեղից է գալիս, կարեւոր է, որ տուն է հասնում»,- ավելացրեց Զոհրաբ Զոհրաբյանի կինը: 

Մինչեւ այդ նա ասել էր, որ Զոհրաբ Զոհրաբյանի կյանքին վտանգ չի սպառնացել, չի էլ սպառնում:  «Զոհրաբ Զոհրաբյանը գիտակցություն ունեցել է, ուղղակի իրեն հանգիստ է պետք, հետեւաբար քնեցնում են»,- նշել էր նա: Իսկ Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ «Զոհրաբ Զոհրաբյանը փորի տրավմա, ձեռքի եւ գանգի ոսկրերի կոտրվածք, թոքերի 2 կողմերի սալջարդ, դեղորայքային կոմա, արհեստական շնչառություն ախտորոշմամբ գտնվում է «Արմենիա»  բ/կ-ում, իսկ ընդհանուր վիճակը գնահատվում է ծայրահեղ- ծանր-կայուն»:

Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի է ենթարկվել նախկին ՀՀԿ-ական, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը։ Վերջինս վարորդի հետ անգիտակից վիճակում տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 համարանիշի եւ «Չերրի» մակնիշի 09UL425 համարանիշի ավտոմեքենաները: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: