Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը վերածվել է տարածաշրջանում ամերիկա-իսրայելական նախագծի իրականացման գործիքի եւ ուղղակի պատասխանատվություն է կրում Սիրիայում կատարվող իրադարձությունների համար: Այդ մասին Սիրիայի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է թուրք լրագրողուհի եւ հետազոտող Բանու Ավարը` հավելելով, որ Ամերիկայի եւ Իսրայելի հրահանգները կատարող Էրդողանի ճակատագիրը նույնն է լինելու, ինչ բոլոր խամաճիկային իշխանություններինը:
Բանու Ավարը հայտարարել է, թե թուրք քաղաքացիների մեծ մասը դատապարտում է Էրդողանի արտաքին եւ ներքին քաղաքականությունը, քանի որ ցանկանում են խաղաղության եւ սիրո մեջ ապրել հարեւանների եւ եղբայրական սիրիացի ժողովրդի հետ: Լրագրողուհին նշել է, թե վտարվել է աշխատանքից Սիրիայի իրադարձությունների մասին վավերագրական ֆիլմի հեռարձակումից հետո: Ավարը նշել է, թե ինքը միակ թուրք հրապարակախոսը չէ, ով տուժել է կառավարության կամայականություններից սիրիական ճգնաժամի վերաբերյալ դիրքորոշման համար:
Ավարի խոսքով, ԱՄՆ-ի եւ Իսրայելի նպատակը կայանում է տարածաշրջանը փոքր, կրոնական երանգավորմամբ պետությունների ստեղծման մեջ, իսկ այդ պետությունների ղեկավարները կենթարկվեն Վաշինգթոնին եւ Թել-Ավիվին:




























