«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի Թալին-Գյումրի հատվածում առկա են բազմաթիվ պատմահնագիտական եւ մշակութային հուշարձաններ, որոնց մի մասը կարող է վնասվել շինարարական աշխատանքների ընթացքում:

ՀՀ բնապահպանության նախարարությունը հրապարակել է այդ ճանապարահատվածի բնապահպանական փորձագիտական եզրակացությունը: Հնագիտական ազդեցության մասը պատրաստել է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, դոկտոր Մկրտիչ Զարդարյանը:

Ճանապարհի շինարարությունից կարող են տուժել մի շարք հուշարձանները: Օրինակ` Աշտարակ-Գյումրի մայրուղու մոտ գտնվող Եղնասարի դամբարանադաշտի դամբարաններից մեկը: Լուրջ վնասներ կարող է կրել Մաստարայի հնագիտական համալիրը (վաղ բրոնզի դար):

Լանջիկի հնագիտական համալիրը նույնպես գտնվում է «վտանգավոր» գոտում: Մեծ վնասներ կարողզ են հասցվել նաեւ Ձորակապի ամրոց-բնակատեղիին: Կարող է տուժել նաեւ միջազգային նշանակություն ունեցող Բենիամինի հնագիտական համալիրը (ենթադրվում է, որ սա նախկին հայտնի Դրասխանակերտ բնակավայրն է):

Ընդհանուր առմամբ` մոտ 20 հնագիտական հուշարձաններ ենթակա են ճանապարհի շինարարության ազդեցությանը: Առնվազն 8-ին փրկելու համար առաջարկվում է նախագծում կատարել փոփոխություն: