Այսօրվա դրությամբ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հայտնվել է ինչպես ծանր, այնպես էլ բարենպաստ վիճակում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Գաղտնիք չէ, որ 2010 թվականից սկսած ՀԱԿ դաշինքին բազմաթիվ հարվածներ են հասցրել։ Իշխանության մի շարք ազդեցիկ ներկայացուցիչների հաջողվել է մասնակիորեն հասնել ՀԱԿ-ի քայքայմանը, սակայն վճռական քայլերի շնորհիվ նրա առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանին հաջողվել է արմատապես փոխել այդ քաղաքական ուժի կառուցվածքը, ինչի շնորհիվ կանխվել է քայքայման հետագա գործընթացը», - նշել է քաղաքագետը։

Նրա համոզմամբ, ՀԱԿ-ը հայտնվել է ծանր իրավիճակում, քանի որ այն նորաթուխ քաղաքական ուժ է, եւ ցանկացած նման ուժի դժվար է նշանակալի հաջողություններ արձանագրել։ «Մյուս կողմից, ՀԱԿ-ի նոր թիմ են գալիս նոր մարդիկ, ովքեր հասարակության համար բավականին գրավիչ կլինեն։ Քանի որ Լեւոն Տեր Պետրոսյանին չհաջողվեց իշխանությունը վերցնել, դաշինքի անդամ հանդիսացող բոլոր կարիերիստները դուրս եկան դրանից», - ասաց Երվանդ Բոզոյանն՝ ընդգծելով, որ մնացել են ավելի ազնիվ մարդիկ։

«Այդ տեսակետից անհրաժեշտ է նշել, որ, հնարավոր է, որ ՀԱԿ-ը կարճաժամկետ առումով մեծ ռազմավարական հաջողություն չունենա, սակայն երկարաժամկետ հեռանկարում այս կուսակցությունը կարող է բավականին լուրջ հաջողություն գրանցել, քանի որ այն մնացել է այն ազնիվ կազմով, որի հիման վրա կարելի է նոր քաղաքական ուժ ձեւավորել», - հավատացած է Երվանդ Բոզոյանը։

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան»-ին, ապա քաղաքագետը նշեց, որ` չմասնակցելով նախագահական ընտրություններին, նրա վարկանիշն իրականում որոշակիորեն ընկավ։ «Սակայն, կարծում եմ, որ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ն նշանակալիորեն կամրապնդի իր դիրքերը, կախված նրանից, թե ինչ փոփոխություններ կլինեն կուսակցության ներսում, այն ավելի ազատ կգործի», - ասաց Երվանդ Բոզոյանը։ Նրա խոսքով՝ արդեն մեկ տարի է, ինչ ԲՀԿ-ն իշխանություն չէ, եւ եթե կուսակցությունը շարունակի գնալ նույն ճնապարհով, ինքը վստահ է, որ վարկանիշը կբարձրանա։

«Ինչպես Հայ ազգային կոնգրեսն, այնպես էլ «Բարգավաճ Հայաստանը», ապագայում ամենաազդեցիկ ուժերը կլինեն, քանի որ դրանց ներսում տեղի են ունենում դրական փոփոխություններ», - կարծում է քաղաքագետը։ Նա ավելացրեց, որ Հայաստանը փոփոխությունների կարիք ունի, հասարակությունը փոփոխություն է պահանջում, իսկ դրա համար պետք է փոփոխություններ քաղաքական վերնախավում. «Ես շատ ուրախ կլինեմ, եթե նման փոփոխություններ տեղի ունենան նաեւ «Ժառանգություն»-ում, ՀՅԴ-ում, եւ, ինչու ոչ՝ նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցությանում»: