Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված եւ ազատ արձակված եղբայրների հայրը` Արշավիր Պետրոսյանը, վստահ է, որ իր որդիները անմեղ են եւ կապ չունեն գյուղապետի սպանության հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արշավիր Պետրոսյանը:
«Անմեղ երեխուն որ տարել, փակել եք, դրա պատռասխանը ո՞վ ա տալու, սաղ աշխարհը գիտի, որ էդ երեխեն անմեղ ա, ինչի՞ համար են տարել կալանավորել, ի՞նչ դերասանություն են անում»,- նշեց նա:
Նա նշեց, որ սպանված գյուղապետի հետ նորմալ, լավ հարաբերություններ են ունեցել, կալանավորված որդին վերջինիս հետ աշխատել է: Արշավիր Պետրոսյանը գյուղապետի հարազատներին վերջին անգամ տեսել է ինքնահողին, սպասում է մի քանի օր անցնի եւ գնա նրանց հետ հանդիպի:
Արշավիր Պետրոսյանն ասաց, որ դեպքի օրը երկու որդիները տանը քնած են եղել, առավոտյան կալանավորված որդին` Արայիկը, երեխաներին տարել է դպրոց եւ վերադարձել տուն, այդ մասին փաստել են նաեւ հարեւանները: «Էդ դատավորին պիտի ասել, թե ինչի հիման վրա էս երկու ամիս նախնական կալանք տվել, ինչ հիմքի վրա: Արայիկը հեչ հավ չի կարում մորթե, ի՞նչ մնաց մարդասպան ըլնի, կամ ինչ-որ զակազ անի, էդ ինչ հեքիաթներ են պատմում»,- հայտնեց հայրը:
Պետրոսյանների տան խուզարկումից ոստիկանները միայն գտել են անձնական, որսորդական զենքերը` իրենց փամփուշտներով: Իսկ թե ինչու են հենց իր որդիներին բռնել, ապա Արշավիր Պետրոսյանն ունի իր վարկածը, հնարավոր է այդ պահին հարմար մարդ չկար, իր որդիներին են տարել, սակայն տեսնելով, որ ընդհանրապես հիմքեր չկան, մեկին ազատ են թողել, մյուսին էլ անպայման կազատեն: «Երեւի էդ պահին ոչ մեկ չկար, իրենց կասկածելի արեցին, հետո տեսան, որ իրենք չեն, Արտակին հանեցին, իրենց խաղերը կվերջանա, նրան էլ բաց կթողեն, համոզված եմ, եթե մարդը դրա մեջ չկա, ո՞նց կարող են անմեղ տեղը մարդասպան սարքեն, ո՞ր երկրում ենք ապրում»,- ասաց նա:
Թե ով պետք է գյուղապետի մահը ուզեր, նա չգիտի. «Մենք ցավում ենք, մենք կյանքում տենց բան չենք կարող անել, էդ հնարավորություններն էլ չունենք, թող ման գան, գտնեն հանցագործը ով է, ոչ թե անմեղ երեխուն տանեն փակեն, ո՞վ է պատասխան տալու իր առողջության համար, որ հիմա էդ սթրեսներն է տանում»,- ասաց հայրը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն: Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանների անունները, որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում է գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը: Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ Արտակ Պետրոսյանը ազատ է արձակվել:




























