27-ամյա մարմնավաճառուհի Ս. Հ.-ն ոստիկանությանը հայտնել է, թե իրեն Երեւանյան լճի տարածքից ավտոմեքենայով առեւանգել են, սակայն իրավապահները պարզել են, որ նա ստել է: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 27-ամյա Սյուզաննա Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ոստիկանության Շենգավիթի բաժնում իր հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնել է, թե իբր Երեւան քաղաքի բնակիչ Միհրան Ս.-ն Երեւանյան լճի հարակից տարածքից ավտոմեքենայով առեւանգել է իրեն, բայց հետո պարզվել է, որ այդ տեղեկատվությունը կեղծ է:
Քրեական գործ է հարուցվել 333 հոդվածի 1-ին մասով`hանցագործության մասին սուտ մատնությունը: Եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու ստորագրությունը:




























