«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 5-րդ տեղում ընդգրկված Հովիկ Մուսայելյանը «168 ժամ» թերթի հետ զրույցում, մասնավորապես, անդրադարձել է Երեւանի ավագանու ընտրություններին։
«Դուք խոշոր ընկերության տնօրեն եք, նաեւ Հանրային խորհրդի անդամ։ Եվս մեկ հասարակական աշխատանք ստանձնելու, աշխատանքային ծանրաբեռնվածությունն ավելացնելու պատճառը ո՞րն է։
Իսկապես գերզբաղված եմ եւ պրոֆեսիոնալ գործունեությամբ, եւ հանրային աշխատանքով։ Մի շատ կարեւոր նշանաբան ունեմ՝ պատասխանատու եմ նաեւ չարած գործերիս համար։ Եթե զգում եմ, որ մարդիկ իսկապես ուզում են համագործակցել, որոշում եմ կայացնում։ ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու առաջարկությունը եղավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, երկար զրուցեցինք, ի վերջո որոշեցի, որ քաղաքային տնտեսության զարգացման հարցում կարող եմ օգտակար լինել, հատկապես, որ պետական կառավարման փորձ ունեմ, 1996թ. աշխատել եմ Երևանի քաղաքապետարանի Արտաքին տնտեսական կապերի վարչությունում, դրանից առաջ եղել եմ Կառավարության աշխատակազմում:
Կարելի՞ է ասել, որ գոնե Ձեր դեպքում ՀՀԿ-ի կողմից առաջարկը չի եղել ցուցակը ներկայանալի դարձնելու պատրվակով։
Համոզված եմ, որ այդպես է, որովհետեւ իրենք իրազեկ են իմ անցած ճանապարհին։ Քանի որ մասնագիտությամբ ինժեներ-շինարար եմ, 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո պաշտպանել եմ շինարարական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ աշխատանքը, ակտիվորեն մասնակցել եմ վթարային շենքերի գնահատման աշխատանքներին, այսինքն՝ քաղաքաշինական հարցերը միշտ եղել են իմ հետաքրքրության շրջանակում։ Կարծում եմ՝ դա եւս նշանակություն է ունեցել, հակառակ դեպքում՝ երեւի ինձ համար էլ ցանկալի չէր լինի, որ միայն անունն օգտագործելու համար արվեր այդ առաջարկը։ Կարծում եմ՝ առաջարկությունն արվել է օգտակար լինելու պայմանով։
Քանի որ Դուք կուսակցական չեք, Ձեզ ազա՞տ էիք զգում մյուս կուսակցությունների առաջարկի դեպքում, թե՞ ամեն դեպքում պետական մի շարք հանձնաժողովներում ընդգրկվելը կաշկանդում է Ձեզ։
Կաշկանդվածության խնդիր չկա, եւ չեմ կարծում, որ կլինի, քանի որ Տարոն Մարգարյանին ասել եմ, որ իմ սկզբունքներին դեմ չեմ կարող գնալ եւ ոչ օբյեկտիվ մոտեցում տեսնելու դեպքում անպայման պետք է խոսեմ։
Տարոն Մարգարյանի մասին խոսելիս մրցակիցները հաճախ են նշում, որ չթերագնահատելով նրա մարդկային արժանիքները, չեն կարող ասել, որ նա լավ քաղաքապետ է՝ նաեւ այն պատճառով, որ կուսակցական կապերը խանգարում են նրան։ Համաձա՞յն եք։
Քաղաքապետը պետք է լինի համեստ, բանիմաց, վստահություն ներշնչող անձնավորություն։ Քաղաքապետը պետք է լինի մենեջեր՝ կառավարիչ եւ վստահություն ներշնչի։ Կարծում եմ՝ շատ բաներով Տարոն Մարգարյանը համապատասխանում է այս չափանիշներին։ Աշխատասեր է, բավական համեստ , չնայած երիտասարդ տարիքին՝ փորձառու է։ Ինչ վերաբերում է կուսակցական կապերին, ապա ցանկացած պաշտոնյա, ով կուսակցական է, ունի նաեւ կուսակցական պարտականություններ, բայց ես ենթադրում եմ, որ Տարոն Մարգարյանը կաղապարված չէ այդ առումով, գոնե այս պահին ես նման տպավորություն ունեմ։
Որո՞նք էին այն բացերը, որոնք կլրացնեք՝ ընտրվելու դեպքում։
Արդեն ասացի՝ մասնագիտությամբ ինժեներ-շինարար եմ, եւ քաղաքաշինական հարցերն ինձ միշտ հետաքրքրել են։ Կարծում եմ՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում հետաքրքիր ծրագրեր կարելի է իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված...
Ես չէի ցանկանա նշել մեկ ոլորտ, բազմաֆունկցիոնալ աշխատանք եմ պատկերացնում։ Խորհրդային տարիներին մենք ունեինք գեղեցիկ Երեւան, որով հպարտանում էինք։ Օտարին այն ներկայացնում էինք իբրեւ վարդագույն տուֆի, ցայտաղբյուրներով հարուստ, կանաչ եւ մշակությաին քաղաք։ Կինոթատրոններում եւ թատրոններում հերթ էր, քաղաքը շնչում էր մշակույթով։ Ես շատ կուզենայի, որ Երեւանը բնորոշող ավանդույթները վերականգնվեին»,- մեջբերում է «168 ժամը»։




























