Ոստիկանություն դիմած քաղաքացին ապրիլի 8-ին հայտնել է, թե պատահաբար պարզել է, որ «Օդնոկլասնիկի»-ի կայքում իր 8-ամյա որդին նամակագրական կապի մեջ է անծանոթ մեկի հետ, ով անառողջ սեռական հետաքրություններ առաջացնող առաջարկներ է անում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հայրը պատմել է, որ մի կերպ զսպելով հիստերիան, շարունակել է ծանոթանալ ամբողջ նամակագրությանը եւ պարզել, որ այլասերված օգտատերն իր դեռահաս որդու հետ քննարկել է հնարավոր սեռական հարաբերությունների, դրանց ձեւերի եւ սեռական օրգանների մասին: Պատմելով փաստաբան ընկերոջը, նա դիմել է ոստիկանություն:

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումները արագ ձեռնամուխ է եղել մանկապիղծին իրական աշխարհ դուրս քաշելու եւ վնասազերծելու գործին: 10 օր անց օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ տարբեր սոցցանցերում, տարբեր անուններով որպես օգտատեր գրանցված անձը երեւանաբնակ  24-ամյա Միքայել Ամատունին է եղել:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34.142 հոդվածի 1-ին մասի եւ 263 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ապրիլի 19-ին խուզարկություն է կատարվել նաեւ նրա բնակարանում:

Նախաքննական մարմինը պարզել է, որ Ամատունին 2012թ-ի հունիսից մինչեւ այս տարվա ապրիլ  մի շարք սոցիալական ցանցերում եւ սկայպով սեռական հետաքրքրություն առաջացնող նամակագրություն է  վարել 44 տարբեր երեխաների հետ: Նրանից մի քանիսին ուղարկել եւ ցուցադրել է մանկական պոռնկագրական նյութեր: Նրա տնից առագրավված համակարգչում առկա է եղել մանկական պոռնկագրական բնույթի 870 տեսանյութ: Ամատունին կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է: