ՀՅԴ կուսակցությունն ապրիլի 27-ին հերթական երթն իրականացրեց Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Երթը, որը գլխավորել են ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչներ, կուսակցության համամասնական ցուցակի համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնող Աղվան Վարդանյանը եւ Արսեն Համբարձումյանը, ինչպես նաեւ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, երկու խմբի են բաժանվել եւ Կոմիտասի փողոցով ուղեւորվել են դեպի մետրոյի «Բարեկամություն» կայարան: Արշավի ընթացքում Երեւանի ավագանու թեկնածուները ողջունել են Արաբկիրի բնակիչներին, անցորդներին եւ անձամբ բաժանել են քարոզչական թռուցիկներ` զրուցելով ընտրողների հետ եւ քննարկելով նրանց անհանգստացնող խնդիրները:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կանցկացվեն մայիսի 5-ին: Ընտրություններին մասնակցելու են 6 կուսակցություններ` ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Օրինաց երկիր», Հայ ազգային կոնգրես, «Առաքելություն» եւ 1 դաշինք` «Բարեւ, Երեւանը»:











