Քվեարկության ընթացքում կապ ենք պահպանում բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։ Օգնելով միմյանց եւ տեղեկություններ փոխանցելով՝ կփորձենք վերահսկել ընտրական գործընթացը։ Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորում է կուսակցության համամասնական ընտրացուցակը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը։
«Հուսով եմ, որ բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները ներկա կլինեն ընտրատեղամասերում։ Համոզված եմ, որ լիարժեք ներկայության դեպքում բոլոր հնարավոր կեղծիքները եւ ընտրախախտումները կկանխվեն»,-ընդգծել է Երեւանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածուն։ Նա նաեւ ընդգծել է, որ ՀՅԴ-ն 2-ական ներկայացուցիչ ունի յուրաքանչյուր ընտրատեղամասում։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանում ընթանում են ավագանում արդեն երկրորդ ընտրությունները։ Ընտրապայքարին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարեւ Երեւան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, ՀՅԴ-ն, «Օրինաց Երկիրը» եւ «Առաքելությունը»:











