Լոռիի մարզում այսօր՝ մայիսի 20-ին, գայլերի հարձակման հերթական դեպքն է գրանցվել, որի արդյունքում վնասվել է 46 ոչխար:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, գայլերն այս անգամ հարձակվել են մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Ամրակից գյուղում բնակվող Մարտին Ալավերդյանի ոչխարների հոտի վրա: Այդ պահին բակում գտնվող անասնատեղում գտնվել է թվով 129 մայր ոչխար: Անասնատիրոջ փոխանցմամբ՝ իրենք 22 ոչխարին գտել են արդեն սատկած վիճակում, 11 ոչխար անհետ կորել է, հավանաբար գայլերն իրենց հետ են տարել, եւս 13-ին սեփականատերը պետք է հարկադիր մորթի ենթարկի, քանի որ կենդանիներն ունեն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
Գայլերի հարձակումից, ընդհանուր առմամբ, գյուղացուն պատճառվել է շուրջ 6000 ԱՄՆ դոլարի վնաս: Հոշոտված ոչխարներից մի քանիսը եղել են հղի վիճակում: Սեփականատերը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ինքը տարբեր բանկերից մեծ չափերի վարկ էր վերցրել, որպեսզի արդյունքն այս տարի տեսներ, սակայն վրա հասած դժբախտությունն ամեն ինչ տակն ու վրա է արել, հիմա իրենք շվարած են եւ կառավարության աջակցությանն են սպասում, հակառակ դեպքում իրենք չգիտեն թե ինչ են անելու:
Դեպքի վայրում է եղել նաեւ Ամրակիցի գյուղապետ Արթուր Ներկարարյանը, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ սա վերջին օրերի երկրորդ հարձակումն է գյուղի վրա, նախորդ դեպքը գրանցվել է օրեր առաջ, այն ժամանակ գայլերը հոշոտել էին մեկ կով: Սակայն որ այս չափի վնաս կարող էր պատճառվել, ոչ ոք չէր պատկերացնում: Գյուղապետը եւս հույսը կապում է կառավարության աջակցության հետ, հակառակ դեպքում գյուղն իր պակաս բյուջեով չի կարող խնդրին լուծում տալ:
Տեղում է եղել նաեւ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռիի մարզային կենտրոնի անասնաբուժական բաժնի գլխավոր մասնագետ Ռոբերտ Պողոսյանը, ով կարգավորում էր սպանդի ենթարկված անասունների թաղման աշխատանքները:
Մանրամասները՝տեսանյութում
Լուսանկարներն ու տեսանյութը՝Էդվարդ Արզումանյանի











