Ռուսաստանում ավարտին է մոտենում «Էքստրասենսների մարտեր» հեռուստահաղորդման աստղ Իլոնա Նովոսելովայի եւ նրա ընկեր Օլեգ Պետրովի առեւանգման լայն արձագանք ստացած գործի քննությունը. Մայիսի 28-ին ձերբակալվել է նաեւ առեւանգման չորրորդ կասկածյալը:
Քննության վարկածով՝ խմբի անդամները մայիսի 21-ին առեւանգել էին Իլոնա Նովոսելովային եւ նրա ընկերոջը, իսկ մայիսի 23-ին տուժածի մորից 7,5 մլն ռուբլի էին ստացել:
Ավելի վաղ Life News-ի տրամադրության տակ էր հայտնվել առեւանգման տեսագրությունը: Տեսախցիկն արձանագրել էր, թե հանցագործներն ինչպես են հերթով զոհերին նստեցնում մեքենան:
Ավելի ուշ ձերբակալված 17-ամյա դպրոցական Նիկիտա Լ.-ն պատմել էր, թե ինչպես է առեւանգել պայծառատեսին: «Նրանք չէին դիմադրում, առանձնապես բռնություն չէր գործադրվում, միայն էլեկտրաշոկ՝ վախեցնելու համար: Հետո նրանք անում էին՝ ինչ ասում էինք: 15-րդ հարկից աստիճաններով իջել են երկրորդ հարկ, ես նրանց թողեցի աստիճանների տակ ու գնացի, Բաշկան (մյուս հանցակիցներից մեկը) նրանց հետ միայնակ մնաց»,- պատմել է առեւանգողը: Աստիճանների տակ Իլոնա Նովոսելովան եւ նրա 21-ամյա ընկեր Օլեգ Պետրովը կապկպված մնացել են երեք ժամ: Հետո նրանց տարել են Սերգիեւ Պոսադ:
Իրավապահները ենթադրում են, որ Իլոնային եւ Օլեգին ինչ-որ հոգեմետ նյութ են խմեցրել՝ դիմադրելու ցանկությունը ճնշելու համար:
Ուշագրավ է, որ երկրորդ զոհը՝ Օլեգ Պետրովը, ներկայանում է նաեւ որպես Լանա Կաուտ, եւ, Life News-ի տվյալով, հասցրել է փոխել սեռը եւ առաջիկայում կստանա նոր փաստաթղթեր: Իլոնա Նովոսելովան եւս, ըստ նրա առաջին ուսուցչուհու, դպրոցն ավարտել էր Անդրեյ անունով:
Պատանդներին ազատելուց չորս օր անց ոստիկանությունը աղմկահարույց հանցագործության կազմակերպման կասկածանքով ձերբակալել էին նախկինում գողության համար դատված 39-ամյա Ստանիսլավ Վ.-ին, 17-ամյա դպրոցական Նիկիտա Լ.-ին եւ Եգոր Դ.-ին:











