Հայաստանում առաջին անգամ անցկացված «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլն ամփոփել է արդյունքները, տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից: Հունիսի 2-ին Արզնիի ուսումնական օդանավակայանում կայացած մրցույթին մասնակցել է 5 թիմ` «Sky Spy»-ը, «Eagle eye»-ը, «Dangerous sky»-ը, «Fly Art»-ը եւ «Armdroid»-ը: Թիմերը նախագծել ու պատրաստել էին այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում ուսումնասիրում էին տարածքը, հասկանում տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց ուղարկում էին պատկերները, գտնում հատուկ նշանատեղը, նետում մինչեւ 300գ բեռ եւ վերադառնում էին մեկնարկային կետ:
Ամենաբարձր միավորները հավաքել եւ մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է «Eagle eye» թիմը, որի մրցանակն է 500 հազ. դրամ: Երկրորդ տեղում էր «Dangerous sky» թիմը, որն էլ արժանացել է 400 հազ. դրամ մրցանակի: Երրորդ տեղ զբաղեցրել է «Armdroid»-ը` 300 հազ. դրամ մրցանակով: Մյուս երկու թիմերը` «Fly Art»-ը եւ «Sky Spy»-ը, արժանացել են խրախուսական մրցանակի եւ ստացել 150 հազարական դրամական պարգեւ:
Անօդաչու թռչող սարքերը լայն կիրառություն ունեն թե տնտեսության մեջ, թե ռազմական ոլորտում: Դրանք կարող են հսկել ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը, նկարահանել անտառները` կանխելով որսագողությունն ու հրդեհները, արտակարգ իրավիճակների ժամանակ կարող են տեսագրել տարածքը եւ հաղորդել անհրաժեշտ տվյալներ, ինչպես նաեւ բեռներ տեղափոխել անանցանելի վայրեր: Իսկ ռազմական ոլորտում այդ սարքերը կարող են իրականացնել հետախուզություն եւ թիրախների խոցում:
Անօդաչու թռչող սարքերի հաջորդ մրցույթը նախատեսվում է կազմակերպել 2014թ. մայիսին: ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «Արթին Վարուժան» ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունն ու Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը:
































