Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, իսկ մի քանի օրից արդեն Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը Տարոն Մարգարյանի երդմանակալության օրն է իմացել իր` նոր պաշտոն ստանձնելու մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Օհանյանը:
Հարցին, թե ինչո՞ւ ավելի վաղ մեզ հետ զրույցում հերքել էիք ձեր փոխքաղաքապետ դառնալու մասին լուրերը, նա նշեց, որ այդ ժամանակ չգիտեր, ենթադրություններ չի անում, իրատեսական մարդ է, այդ մասին իմացել է հունիսի 11-ին:
«Ինձ համար բոլոր ժամանակներում պատիվ է եղել աշխատել Տարոն Մարգարյանի հետ: 17 տարի ես այստեղ աշխատել եմ, որից 5 տարին` թաղապետ, եթե քաղաքապետը հարմար է գտել, որ իմ աշխատանքային փորձը, գիտելիքները, ունակությունները պետք են ամբողջ Երեւանում, դրանից միայն ուրախ եմ, եւ դա պարտավորեցնում է »,,- նշեց Դավիթ Օհանյանը:
Փոխքաղաքապետ դառնալու որոշման մասին նրան հայտնել է անձամբ քաղաքապետը, ինքն էլ նորմալ է արձագանքել, «ես բոլոր ժամանակներում հարգել եմ քաղաքապետի որոշումները»:
Նա նշեց, որ առայժմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իր պարտականությունները կկատարի իր տեղակալը, իսկ թե ում է ցանկանում տեսնել իր պաշտոնին, չասաց, «այդ իրավունքը օրենքով վերապահված է Տարոն Մարգարյանին, ում կնշանակի, որ օրը կնշանակի, դուք էլ կիմանաք, դա քաղաքապետի որոշելիք խնդիրն է, եթե նա ինձնից հարցնի իմ կարծիքը, կասեմ»:
Հարցին, թե Սամվել Ալեքսանյանի ծրագիրը իրականացավ, քանի որ նա ցանկանում էր, որպեսզի դուք փոխքաղաքապետ դառնաք, իր ազգականն էլ` թաղապետ, նա նկատեց. «Սամվել Ալեքսանյանը իմ լավ ընկերն ու բարեկամն է, ես չգիտեմ ինչքանով ինքը այստեղ դեր ունի, թե չունի: Լրատվամիջոցները գրում են հովանավորյալ, ես էլ ասում եմ` ինքը իմ ընկերն է եւ բարեկամը, ինքը իմ հովավորյալը չի, եթե 20 տարի մարդու հետ ընկերություն ես անում, ես այդ տան անդամն եմ»:
Հարցին, թե այդ պաշտոնին ձեր լավագույն ընկերոջ հետ շահերի բախում կունենաք, օրինակ` հենց Փակ շուկայի տարածքում շինարարություն սկսելու հետ կապված, նա պատասխանեց. «Ոչ մի շահերի բախում չի առաջանա, բոլորը օրենքի առաջ հավասար են, իմ ընկերն էլ շատ օրինապաշտ մարդ է, տեսաք` խախտում էր արած, քանդվեց ու ինքը ոչ մեկից էլ նեղացած չի, ինքը պատասխանել է չէ՞»
Նշենք, որ հունիսի 15-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ, որի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր: Ի թիվս այլ հարցերի՝ ավագանու նիստում կքննարկվի նաեւ Կ. Արեյանին Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, Վ. Նիկոյանին, Ա. Սուքիասյանին եւ Դ. Օհանյանին` Երեւանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին հարցերը:
Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ Դավիթ Օհանյանը ասել էր, թե լրատվամիջոցներից է իմացել իր փոխքաղաքապետ դառնալու մասին: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, թե նման քննարկում, առաջարկ չի եղել, ինքը շարունակում է կատարել իր պարտականություններն աշխատավայրում: Նա հերքել էր նաեւ տեղեկությունները, թե իրեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին փոխարինելու է Սամվել Ալեքսանյանի եղբորորդին: «Չկա նման բան»,- ասել էր նա:
Դավիթ Օհանյանը չգիտեր` ցանկանում է դառնալ փոխքաղաքապետ, թե գերադասում է մնալ վարչական շրջանի ղեկավար: «Դժվար հարց եք տալիս: Հենց նման քննարկում լինի, կպատասխանեմ: Եթե պարոն Ալեքսանյանի հետ նման քննարկում լիներ, տեղյակ կլինեի, չի եղել, մենք նման բան չենք քննարկել»- ասել էր նա:




























