Արագածոտնի մարզում օգոստոսի 2-ին տեղացած ուժեղ կարկուտը լուրջ վնասներ է հասցրել միայն Ապարան քաղաքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին մարզի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ համայնքների ղեկավարները: (ֆոտոռեպորտաժ)
Նիգավան համայնքի ղեկավար Արտաշ Գալստյանն ասաց, որ իրենց համայնքում կարկուտ չի տեղացել եւ իրենք այդ մասին տեղյակ են պահել են նաեւ ԱԻՆ-ին. «Մեզ մոտ կարկուտ չի եկել, բարեբախտաբար: Ես զանգել ասել եմ, որ մեր գյուղի անունը հանեն»,- ասաց նա:
Լուսագյուղ համայնքի ղեկավար Քաջիկ Զաքարյանն էլ ասաց, որ իրենց գյուղում կարկուտը շատ քիչ է տեղացել. «Հիմնականում ուժեղ անձրեւ եկավ, կարկուտ, որպես էդպիսին, չի եկել, հետեւաբար վնասներն էլ լուրջ չեն»: Նույն պատասխանը ստացանք նաեւ Սարալանջ համայնքում:
Իսկ ահա Ապարան քաղաքում կարկուտն ամբողջությամբ սպիտակեցրել էր ճանապարհներն ու դաշտերը` տնամերձ այգիների ծառերից պոկելով պտուղները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի թղթակիցը, ժամը 14:30-14:55-ն ընկած ժամանակահատվածում տեղացած կարկուտն այնքան առատ է եղել, որ Ապարանի տարածաշրջանի մի շարք գյուղական համայնքներում ճանապարհները նմանվել են ձյունածածկ տարածքների:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻՆ-ը տարածել էր հաղորդագրության, ըստ որի, տուժել են մարզի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ գյուղերն ու Ապարան քաղաքը։ Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը NEWS.am-ին տեղեկացրել էր, որ մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով, որն այժմ պարզում է կարկտի հասցրած վնասի չափը։
Նշենք, որ Ապարանի տարածաշրջանում հակակարկտային կայաններ տեղադրված չեն:
Լուսանկարներն ու տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի











