Հոկտեմբերի 31–ին, դանակահարված երեք 15 տարեկան դեռահասները հիվանդանոց են տեղափոխվել ծանր վիճակում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի որակի, տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

«Իրենք տարբեր վնասվածքներ ունեին կտրած ծակած գործիքով, վիճակները հենց սկզբից գնահատվել է ծանր, երեքն էլ վերակենդանացման բաժանմունք են տեղափոխվել անմիջապես կատարված միջոցառումներից և անհրաժեշտ վիրահատական միջամտություններից հետո։ Այժմ վիճակները կայունացել է։

Նրանցից երկուսը երկրորդ օրը տեղափոխվել են բաժանմունք, իսկ երրորդը, որ շատ ավելի մեծ վնասվածքներ ուներ, արյունահոսությունը իր մոտ ավելի երկար էր, երկու օր պայքարելուց հետո այսօր տեղափոխվել է բաժանմունք։ Այսօր երեք վիճակն էլ գնահատվում է միջին ծանրության։

Վնասվածքները մարմնի տարբեր հատվածներում են, նրանցից մեկի մոտ վնասվածքը շատ ավելի խորն էր, երկար էր, թ։ Նրանք ի սկզբանե գիտակցության են եղել»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 16։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել երեք երեխաների։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են 15-ամյա Հրանտ Ա․-ն, 15-ամյա Արսեն Չ․-ն և 15-ամյա Արման Կ․-ն։

Հրանտ Ա․-ն հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի կտրած-ծակած վերք, ձախ դաստակի կտրած վերքեր, անեմիա» ախտորոշմամբ, Արսեն Չ․-ն՝ «կրծքավանդակի ձախակողմյան հետին պատի կտրած-ծակած վերք, ձախ ծնկահոդի շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ, իսկ Արման Կ․-ն՝ «աջ գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։

Նշված անձինք վնասվածքները ստացել են Մալաթիայի շուկայի հարևանությամբ գտնվող Սեբաստիա 141 հասցեի հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։

ՔԿ–ից NEWS.am—ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելը): Կատարվում է նախաքննություն։ Այս պահին ձերբակալված անձ չկա։