Այդ զեկույցը Հայաստանում է գրվել, երբ ուշադիր ուսումնասիրում ենք այդ զեկույցի հղումները, տեսնում ենք, որ NEWS.am—ի հայերենն է, «Հետք»–ի հայերենն է, «Ժողովրդի» հայերենն է, նույնիսկ ռուսերենները չեն. զեկույցը գրված է Հայաստանում, բայց սխալ զեկույց է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Օրինակ, 16 անգամ Հայաստանից պակասել է մոնիտորների արտահանումը դեպի Ռուսաստան։ Պարզ է չէ՞, մենք մոնիտոր չենք արտահանում, վերաարտահանում է եղել, որը չկա։ Իրենք հաշվարկը տարել են այնպես, որ այդ մոնիտորը, եթե Հայաստանում արտադրվեր, ինչքան ավելացված արժեք կստեղծվեր, ինչքան աշխատատեղ կստեղծվեր, ինչքան հարկ կվճարվեր և այլն։ Այնինչ այդ մոնիտորը ընդամենը եկել է այստեղ, դրա համար վճարվել է ԱԱՀ, հետո այդ ԱԱՀ-ն ոնց վճարել են, նույն կերպ հետ են ստացել։ Հետևաբար, իրենք շատ սխալ են հաշվարկել և իրականում շատ անբարեխիղճ աշխատանք է կատարված պատվիրատուների նկատմամբ։ Այն մարդիկ, ովքեր Հայաստանում դա արել են, շատ անբարեխիղճ են գտնվել, որովհետև սխալ հաշվարկ են ներկայացրել»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ ըստ այդ զեկույցի գազի գինը Հայաստանի համար կթանկանա մոտ 70 տոկոսով, եթե ՀՀ–ն ԵԱՏՄ–ից դուրս գա, Պապոյանն ասաց, որ այդտեղ ևս սխալ կա. «Մենք ունենք սցենարներ, 30%-ի, 60%-ի, 90%-ի, 100%-ի թանկացման, 300-ի էլ ունենք։ Ճիշտ խոսակցություն չի, երբ հարցնում եք, թե մինչև քանի տոկոս թանկացմանն է Հայաստանը պատրաստ ֆինանսապես։ Դա ճիշտ խոսակցություն չի էկոնոմիկայի տեսանկյունից։ Դուք գիտական փաստաթուղթը կդարձնեք Կիկոսի մահը և մեր հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք։
Այն թվերը, որ իրենք գրել են գազի գնի հաշվարկի համար, էլի սխալ է։ Այն թիվը որ իրենք գրել են, որ օրինակ, գազի գնի 69 տոկոսով թանկանալու դեպքում 15% տնտեսական անկում կլինի... անգամ 300% թանկացման դեպքում այդպես չի լինի։ 69 տոկոս գազի գնի թանկացման դեպքում կարծեմ 2.2 տոկոս բացասական էֆեկտ կլինի»։





























