2008-ին Ռուսաստանի նպատակն էր Կովկասում խաղաղության հարկադրող գործողություն իրականացնել, այլ ոչ թե պաշտոնանկ անել կամ սպանել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, քանի որ նրա ճակատագիրը պետք է որոշի վրաց ժողովուրդը։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ Russia Today հեռուստաալիքին տված հարցազույցում։

 «Դա պետությունների, առավել եւս, ռուս ու վրացի ժողովուրդների միջեւ պատերազմ չէր։ Դա խաղաղություն պարտադրող գործողություն էր»,-ասել է Մեդվեդեւը։ Նա ընդգծել է, որ թեեւ Սահակաշվիլին իր եւ իր գործընկերների համար անընդունելի անձ է եւ ռազմական հանցագործ, այնուամենայնիվ, նպատակը ռեժիմի փոփոխությունը չի եղել։ Նա նշել է, որ երբեւէ հրաման չի տվել, որ զորքերը մտնեն Թբիլիսի, փոխեն ռեժիմն ու սպանեն Սահակաշվիլիին։ Մեդվեդեւը եւս մեկ անգամ նշել է, որ իրեն չի հուզում Սահակաշվիլիի ճակատագիրը, քանի որ այն պետք է տնօրինի վրաց ժողովուրդը, որը գրեթե կայացրել է իր որոշումը։

Չնայած այդ ամենին՝ Մեդվեդեւը խոստովանել է, որ Մոսկվայում պատերազմի մտավախություն կար։ Դրա հետ մեկտեղ՝ Մեդվեդեւը հիշեցրել է, որ այդ հակամարտությունում ԱՄՆ-ը «երկակի դիրք է գրավել, ինչը մեծ հիասթափություն էր վրացի «խելոքների» համար»։

Նա նաեւ ընդգծել է, որ Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ժողովուրդները իրենք կորոշեն, թե ինչպես զարգացնեն իրենց հարաբերությունները, մասնավորապես, միավորվելու հարցը։ Ընդ որում, Ռուսաստանն իրեն առանց պայմանականությունների իրավունք է վերապահում պաշտպանել իր ազգային շահերը։