Մոսկվայում տեղի բնակիչը օգոստոսի 4-ին մի քանի ժամ կանգնել է 7-րդ հարկում գտնվող իր բնակարանի բաց պատուհանի քիվին՝ սպառնալով ցած նետվել։ Ընդ որում, նա պնդել է, որ վնասել է շենքի գազի խողովակը եւ պատրաստ է պայթյուն կազմակերպել։ Արդյունքում տարհանվել են բազմաբնակարան շենքի բոլոր բնակիչները՝ թեեւ դեպքի վայրում գազի հոտ չի զգացվել։

 «Գազային ահաբեկչի» հետ հոգեբաններ են աշխատել։ Տան մոտ հերթապահել են նաեւ ոստիկաններ, փրկարարներ, բժիշկներ։ Ի վերջո տղամարդուն տուն են տարել եւ բժիշկներին փոխանցել։ Տարհանված բնակիչներն իրենց տներն են վերադարձել, «ՌԻԱ Նովոստիին» է հաղորդել ԱԻՆ աղբյուրը։  Ինքնասպանություն գործել տղամարդուն թույլ չեն տվել փրկարարները։ Նրան հասցրել են ոստիկանության բաժանմունք, հետո՝ հոգեբուժարան։

Life News-ի տվյալներով՝ տղամարդն այդ քայլին է գնացել կնոջ հետ վեճից հետո։ Կինն ամուսնու այս վարքը բացատրում է նրանով, որ այդ «սխրանքից» առաջ նա ալկոհոլ է օգտագործել։

Հարեւաներից մեկի խոսքով՝ նման քայլի պատճառը կարող էր այն լինել, որ նա երկար ժամանակ տառապում է կոկորդի քաղցկեղից, իսկ տեղի հիվանդանոցում նրան մերժել են ցավազրկող ներարկել։ Այս մասին հաղորդում է ՆՏՎ-ն։