Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանն, այսօր՝ օգոստոսի 5-ին, մերժեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, որով հանդես էր երեկ վերջինիս պաշտպան Մուշեղ Շուշանյանը:

Տիգրան Առաքելյանը դատարանից խնդրեց հայտարարությամբ հանդես գալու հնարավորություն տալ եւ նշեց, որ երբ իմացել է, որ դատավորը հայ կին, հայ մայր է լինելու, ուրախացել է: Ավելին՝ ցանկացել է ծաղիկներով ներկայանալ դատարան, սակայն «Եվա Դարբինյանի որոշումը հերթական անգամ ապացուցեց, որ մենք ճիշտ ենք անում, որ պայքարում են, ինչու չէ, նաեւ հայ կնոջ, հայ մոր կերպարի վերականգնման համար»:

Դատավարությունը այս պահին շարունակվում է: Շարունակվում է նաեւ դատարանի դիմաց բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջում են անհապաղ ազատ արձակել իրենց զինակցին:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:

Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 13-ին անփոփոխ էր թողել դատավճիռը, եւ ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները բողոքարկել էին այն Վճռաբեկ դատարանում:

2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:

Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am