Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, այժմ արդեն Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ով Ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար, «Փակ շուկայի» սեփականատեր Սամվել Ալեքսանյանի մոտ ընկերն է, չի տեսել Փակ շուկայի վերջին օրերին համացանցում տարածված լուսանարները եւ տեղյակ չէ ոչնչից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Օհանյանը:

«Ես չեմ նայել, տեղյակ չեմ, այդ թեմայով չեմ խոսել իր հետ, աշխատանքային պրոցեսի մեջ եմ, իր հետ ինչի՞ պետք է խոսեմ»,- ասաց Դավիթ Օհանյանը` հավելելով, որ Սամվել Ալեքսանյանի հետ վերջին անգամ զրուցել է երկու օր առաջ, բայց Փակ շուկայի թեմայով զրույց չի եղել:

Երեւանի փոխքաղաքապետից հետաքրքրվեցինք, թե արդյոք հրավեր չի ստացել մասնակցելու սեպտեմբերին կայանալիք Փակ շուկայի տարածքում կառուցված «Երեւան սիթիի» բացմանը, նա ասաց, որ որեւէ հրավեր չի ստացել եւ տեղյակ չէ:

Հարցին, թե չեք մտահոգվում, որ ձեր ընկերը քանդել է պատմական հուշարձան, իսկ դուք նրան օրինապաշտ էիք համարում, նա այսպես պատասխանեց. «Ես իմ աշխատանքով, ինքը` իր գործերով, ի՞նչը մտահոգի, ես իմ ընկերոջից ոչ հրաժարվել եմ, ոչ էլ պատրաստվում եմ հրաժարվել, իհարկե, իմ ընկերն է, իհարկե օրինապաշտ է, դուք եք ասում, որ շուկան քանդեց, ես չեմ ասում, չեմ էլ տեսել: Ես չեմ կարծում, ես համոզված եմ, որ ինքը օրինապաշտ է»,- ասաց Դավիթ Օհանյանը: Իսկ նրա «օրինապաշտ» ընկեր Սամվել Ալեքսանյանը այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին:

Ի դեպ, «Հայկական ժամանակը» գրել էր, որ Փակ շուկան անճանաչելի է դարձել` վերածվելով «պաբելկա» արված առևտրի կետի։ «Եթե շուկան միահարկ, բարձր տանիքով կոթողի էր նման, ապա այժմ այնտեղ կառուցվել է նաև երկրորդ հարկ, տեղադրված է այնտեղ տանող շարժասանդուղքը։ Սուպերմարկետի կահավորումը գրեթե ավարտված է։ Անգամ դրամարկղերն են տեղադրված և տոպրակով ծածկված։ Մի խոսքով՝ մնում է փոշին մաքրել և ապրանքները դասավորել, և «Սիթին» պատրաստ է գործարկման։

Սամվել Ալեքսանյանի գրասենյակից սուպերմարկետի գործարկման վերաբերյալ որևէ տեղեկություն մեր թղթակցին հրաժարվել են հաղորդել։ Այնինչ, բանվորները փոխանցել են, որ աշխատանքները մեծ թափով իրականացվում են՝ սեպտեմբերի 15-ին բացումն անելու համար։ Աղմկահարույց պրոյեկտի վերջնակետին հասնելու համար մնացել է դրսի մի քանի կոսմետիկ աշխատանք, որից ամենախոշորը շենքի շրջակայքի ասֆալտապատումն է։ Դա էլ արդեն ընթացքի մեջ է։ Այնպես որ, ի հեճուկս բոլորի, Փակ շուկայի աղճատումը ավարտական փուլում է»,–գրում է թերթը։

Նշենք, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը սկսում է իր գործունեությունը եւ պատրաստվում է կիրառել օրենքով չարգելված բոլոր միջոցները Փակ Շշուկայի փրկության համար: Նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյւանը ասել է, որ օգտագործելու են քաղաքացիական անհնազդանության ամբողջ զինանոցը` պիկետներ, բողոքի այլ ձեւեր: Շարժման նպատակներն են` սեփականատիրոջը ենթարկել պատասխանատվության, հարկադրել հատուցել հուշարձանին հասցված վնասը, վերականգնել նախկին վիճակը, դադարեցնել սեփականատիրոջ իրավունքը, արգելել որեւէ տնտեսական գործունեության ծավալումը մինչ հուշարձանի վերականգնումը, իսկ վերը նշված պահանջները չկատարելու դեպքում իրավական միջոցներով սեփականտիրոջը զրկել սեփականության իրավունքից

Հիշեցնենք, որ շուրջ երկու տարի բոլորի աչքի առաջ կատարվում է պատմական հուշարձանի բարբարոսական ավերում, ըստ որում` այն ընդգրկված է հանրապետական նշանակության հուշարձանների ցանկում: Այս երկու տարիների ընթացքում թե անհատ քաղաքացիներ, թե նախաձեռնող խմբեր բազմիցս ահազանգել են պատկան մարմիններին կատարվող ապօրինության մասին, սեփականատերը երկու անգամ տուգանվել է.իսկ դրանից հետո գիտակցաբար շարունակել պատմաճարտարապետական հուշարձանի ավերումը: «Ամբողջ ընթացքում չգիտեինք, թե ներսում ինչ է կատարվում, բայց այժմ  ակնհայտ են արտաքին խաթարումները, ներքին կերպարի խախտումը, այն, ինչ տեսանք, ակնհայտ դարձրեց, որ հուշարձանը այնպիսի խաթարման է ենթարկվել, որ պետք է պահանջենք վնասի փոխհատուցում»,- ասել է Գարեգին Չուգասզյանը:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակի»