Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայում նման շինարարություն իրականացնելու համար թույլտվություն ոչ ոք չի տվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը:
Նա նշեց, որ գիտամեթոդական խորհրդի անդամները մի քանի անգամ քննարկել են Փակ շուկայի նախագծերը, եւ վերջին նախագիծը, որը մարտի 28-ին ուղարկվել է Երեւանի քաղաքապետարան, ենթադրում էր ապամոնտաժել եռահարկ շինությունը: «Փաստորեն այդ նախագիծը չի իրականացվել, իրականացվել է ինչ-որ մի նախագիծ, որը համապատասխան համաձայնեցման ոչ մի փուլ չի անցել: Շինթույլտվություն տվողը քաղաքապետարանն է, բայց շուկայի սեփականատերը շինթույլտվություն չունի, քաղաքապետարանը նման թույլտվություն չի տվել: Մշակույթի նախարարությունը եւս ոչ մի նախագիծ չի ստորագրել»,- ասաց փոխնախարարը:
Նա շեշտեց, որ Մշակույթի նախարարությունը միշտ հետեւողական է եղել եւ բազմաթիվ անգամ իրենց իրավասության սահմաններում դիմել են պատկան մարմիններին, պատահական չէ, որ առաջին անգամ շինարարությունը դադարեցվել է Մշակույթի նախարարության ահազանգով, կամարների փլուզման ժամանակ եւս նախարարությունն է կանգնեցրել շինարարությունը, այժմ եւս իրենց դիրքորոշումը չի փոխվել: Հարցին, թե հնարավոր չէ այժմ քանդել այն, ինչ կառուցվել է եւ թողնել այն, ինչ կար, ինչպես եւ պահանջում են «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնող խումբը, Արեւ Սամուելյանը պատասխանեց. «Ի՞նչը քանդել, եթե ժամանակին արդեն քանդվել է այն, ինչը պետք է չքանդվեր: Պետք չէր ընդհանրապես սարքել, պետք չէր թողնել, սա նոնսենս է, ոչ ոք նման թույլտվություն չի տվել. մենք մեր իրավասության շրջանակում ամեն ինչ արել ենք, այժմ ոչինչ չենք կարող անել: Եթե այսքան ժամանակ ամեն ինչ արվել է ոչ բնականոն ճանապարհով, ինչպե՞ս պետք է այժմ քանդվի, պետք է այն ժամանակ դա չսարքեր, եկեք իրատեսական նայենք»,- ասաց Մշակույթի փոխնախարարը:
Նշենք, որ Փակ շուկան անճանաչելի է դարձել` վերածվելով «պաբելկա» արված առևտրի կետի։ «Եթե շուկան միահարկ, բարձր տանիքով կոթողի էր նման, ապա այժմ այնտեղ կառուցվել է նաև երկրորդ հարկ, տեղադրված է այնտեղ տանող շարժասանդուղքը։ Սուպերմարկետի կահավորումը գրեթե ավարտված է։ Անգամ դրամարկղերն են տեղադրված և տոպրակով ծածկված։ Մի խոսքով՝ մնում է փոշին մաքրել և ապրանքները դասավորել, և «Սիթին» պատրաստ է գործարկման։
Սամվել Ալեքսանյանի գրասենյակից սուպերմարկետի գործարկման վերաբերյալ որևէ տեղեկություն մեր թղթակցին հրաժարվել են հաղորդել։ Այնինչ, բանվորները փոխանցել են, որ աշխատանքները մեծ թափով իրականացվում են՝ սեպտեմբերի 15-ին բացումն անելու համար։ Աղմկահարույց պրոյեկտի վերջնակետին հասնելու համար մնացել է դրսի մի քանի կոսմետիկ աշխատանք, որից ամենախոշորը շենքի շրջակայքի ասֆալտապատումն է։ Դա էլ արդեն ընթացքի մեջ է։ Այնպես որ, ի հեճուկս բոլորի, Փակ շուկայի աղճատումը ավարտական փուլում է»,–գրել էր «Հայկական ժամանակ» թերթը: l





























