Երկհարկանի ավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով Կանադայում վեց մարդ է զոհվել, 34-ը վիրավորվել են: Վթարը տեղի է ունեցել առավոտյան` Օտտավայի ծայրամասի երկաթուղային անցման մոտ` Ֆելոուֆիլդ կայարանից 200 մ հեռու:
Կանադայում գնացքը խոյահարել է ավտոբուսը. Կան զոհեր
Ականատեսները պատմել են, որ թեեւ անցման մոտ գնացքի մոտենալը զգուշացնող ազդանշանային լույսեր են վառվել, իսկ ուղեփակոցն իջեցված է եղել, ավտոբուսը չի կանգնել եւ բախվել է գնացքին: Գնացքը կայարանին մոտենալիս դանդաղեցրել էր արագությունը, առաջացել էր եւս 50 մ եւ ընկել ռելսերից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Օտտավայի շտապօգնության ծառայության պետ Էնթոնի Դիմոնտեն հայտնել է, որ հինգ մարդ, ներառյալ ավտոբուսի վարորդը, տեղոմ մահացել են, եւս մեկն էլ վախճանվել է հիվանդանոցում: Քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել 34 մարդ, որոնցից 11-ը` ծայրահեղ ծանր վիճակում: Բոլոր տուժածները ավտոբուսի ուղեւորներն են: Գնացքում գտնվողներից ոչ ոք չի տուժել:











